Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտակայքում` Աչաջուր գյուղ տանող միջհամայնքային ավտոճանապարհին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» (Նիվա) մակնիշի 64 ԼԼ 440 համարանիշի (վարորդ` 33-ամյա Ա. Մխիթարյան) եվ «Զապորոժեց» մակնիշի 54 ՏՍ 774 համարանիշի (վարորդ Հ.Աստանյան) ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով Հ.Աստանյանը տեղում զոհվել է, իսկ «Զապորոժեց»-ի ուղեւորներ 45-ամյա Նարինե Գյուլումյանը, 14-ամյա Վահան Աստանյանը, «ՎԱԶ- 2101»-ի ուղեւոր 5-ամյա Սերգեյ Միրզոյանը եւ վարորդ Ա. Մխիթարյանը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ- փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Աստանյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Բժիշկները Ն. Գյուլումյանի, Վ. Աստանյանի, Ա. Մխիթարյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Սերգեյ Միրզոյանինը` բավարար: