Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում, Ֆիոլետովո գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2108» մակնիշի 19 ՏՕ 586 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ 30-40 մետր գլորվել հարակից ձորակը:
Ժամը 18.50-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 52-ամյա Իշխան, 24-ամյա Հակոբ եւ 29-ամյա Հովհաննես Ալիխանյաններին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:
Հովհաննես Ալիխանյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները Ի. Ալիխանյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ալիխանյանինը` միջին ծանրության:





























