ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը բավարար արդյունավետ չի համարում ԼՂ հակամարտության շփման գծում իրականացվող ԵԱՀԿ դիտարկումները: Իր այս կարծիքը նա հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Դիտարկումները, թեեւ դրանք չեզոք մասնակիցների ջանքերին, չեն կարող հրադադարի ռեժիմի պահպանման գործուն մեխանիզմ լինել: Դրանք անցկացվում են պարբերաբար, բայց, ամեն դեպքում, դրվագային եւ ոչ ամեն օր: Այնտեղ, որտեղ այդ դիտարկումներն անցկացվում են, ամեն բան կարգին է, իսկ տասնյակ կիլոմետրեր հեռու կարող է փոխհրաձգություն տեղի ունենալ: Կամ այսօր դիտարկումն անցկացվում է, իսկ վաղը նույն վայրում միջադեպ է գրանցվում:
1995 թվականի համաձայնագրով նախատեսված միջոցառումների համակարգն անհամեմատ արդյունավետ է, դրա համար էլ Բաքուն չի ցանկանում նույնիսկ հիշել այդ մասին, թեեւ այդ փաստաթղթի տակ կա Ադրբեջանի պաշտպանության նախարարի ստորագրությունը՝ անձամբ Հեյդար Ալիեւի օրհնությամբ»,-նկատել է Կազիմիրովը:
Հարցին՝ կա՞ն մեխանիզմներ, որոնք կողմերին կպարտադրեն կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, թե Կազանի հանդիպման սցենարը կարող է բազմիցս կրկնվել, դիվանագետը պատասխանեց, որ նման մեխանիզմ դեռեւս չկա: «Բայց կան ազդեցության որոշակի լծակներ միջազգային հանրության կողմից՝ պարտադրելու կատարել վերցված պարտավորությունները, սակայն պետք չէ կազանում բանակցությունների չավարտված ընթացքը շփոթել արդեն վերցված պարտավորությունների հետ»,-ընդգծեց ռուս դիվանագետը:
Նրա խոսքով՝ ափսոս, որ միջնորդները քիչ են օգտվում այդ լծակներից: «Դրանցից մեկը սովորական հրապարակայնությունն է: Պետք է իրերը կոչել իրենց անուններով սկզբում իր պարտավորությունները չկատարող այս կամ այն կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ փակ զրույցում, իսկ եթե դա չի օգնում, ապա պետք է հրապարակային դարձնել արատավոր փաստերի գնահատականները: Նման փաստերի մասին պետք է բոլորը տեղյակ լինեն: Օրինակ, դրանցից մեկը Բաքվի հրաժարումն է զորքերը հետ քաշել շփման գծից, թեեւ այդ երկրի պաշտպանության նախարարը 1994 թվականի փետրվարի 18-ին ստորագրել է այդ արձանագրությունը: Մյուս օրինակը հրադադարի ռեժիմն ամրապնդելուն ուղղված 1995-ի փետրվարի 5-ի համաձայնագրի կատարումից հրաժարվումն է: Թե մեկը, թե մյուսը ավելացնում են միջադեպերի քանակը շփման գծում»,-ընդգծեց Կազիմիրովը:





























