Երեւանի Կենդանաբանական այգին դեկտեմբերի 15-ից հունվար 15-ը բոլորին հրավիրում է այցելել Հյուսիսային պողոտա եւ մասնակցել Ամանորյա տոնավաճառին, որտեղ այգին Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կներկայանա իր տաղավարով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի Կենդաբանական այգու կայքից:
Տոնավաճառը կազմակերպվում է առաջին անգամ, որտեղ այգին կներկայանա «Զու» ամսագրով, Երեւանի կենդանաբանական այգու 2013-ի նոր օրացույցով, ինչպես նաեւ այգու էկոլոգիական ակումբի սաների կողմից պատրաստված Ամանորյա ձեռագործ կախազարդերով, տոնածառի խաղալիքներով, հուշանվերներով, այգու կենդանատեսակները պատկերող կրծքանշաններով եւ
վերամշակված թղթից պատրաստված նոթատետրերով, նկարչական ալբոմներով ու նոր տարվա բացիկներով: Դեկտեմբերի 15-ից մինչեւ 30-ը տոնավաճառում կներկայացվի նաեւ «Ապրող ծառ» նախագիծը: Ցանկացողները կարող են այցելել կենդանաբանական այգի եւ այգու տարածքից վարձակալել կամ ձեռք բերել Ամանորյա «կենդանի» ծառեր:
Ողջ հասույթը կտրամադրվի Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին, իսկ ծառերը գարնանը կտնկվեն կենդանաբանական այգու տարածքում:
Ի դեպ, Երեւանի կենդանաբանական այգում ծնվել է եւս մեկ ուղտայծ, նա կշռում է 12 կգ:





























