Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Ամանորը դիմավորել է Հայաստանում` տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նա: Ամանորին նա պատրաստվել է սիրով, տոնածառի համար գեղեցիկ խաղալիքներ է գնել, թոռնիկը զարդարել է, ինքն էլ` հրճվել է: Տան առեւտուրը որդին եւ կինն են արել: Վարդանյանների ընտանիքի ամանորյա ծախսը կազմում է 300-400 հազար դրամ:
Ձմեռ պապ եւ Ձյունանուշ չեն կանչել: «Ես ինքս Ձմեռ պապի եմ. Ձյունանուշներն էլ տանը լիքն են: Ցանկություններս էլ բացահայտ չեմ ասում, Ձմեռ պապը գիտի` ինչ է բերելու»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը: Նա փորձում է խուսափել «բոնբոնեռկա, կոնյակով» այցելություններից, նրանց տուն այցելում են ամենահարազատներն ու մտերիմները:
«Իմ մանկությունը անցել է Նախիջեւանում` սարերի մեջ կորած մի գյուղում, եւ այն ժամանակ շատ ավելի պարզ էին եւ Նոր տարին, եւ բոլոր մարդկային հարաբերությունները»,- ասաց Աղվան Վարդանյանը: Հարցին, թե Վիշապից գոհ եք, նա պատասխանեց` բոլորից էլ գոհ եմ, իսկ այս տարվա սպասելիքները ամփոփեց մեկ նախադասությամբ. «Օձի թույնը բուժիչ է, թող կծի»:





























