NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուղցել ենք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ:
Ամփոփում ենք 2012թ: Տարին ի՞նչ ուրախ եւ տխուր էպիզոդներով է տպավորվել ձեր մեջ:
Տխուրների մասին չեմ ուզում խոսել` դրանք եւս մեկ անգամ վերհիշել: Լավ դրվագները շատ են, սակայն դա նույնպես անձնական ոլորտից է: Հետեւաբար թույլ տվեք դրանք եւս չկիսել Ձեզ հետ:
Գո՞հ եք «վիշապից», ի՞նչ սպասելիքներ ունեք «Օձից»:
Անկեղծ ասած` վիշապ, թե օձ կամ թե կապիկ` ինձ համար բոլորովին միեւնույն է: Ես նման բաներին չեմ հավատում: Իմ համոզմամբ դրանք տոմարային դատարկ պայմանականություններ են, որոնցով մարդիկ լցնում են իրենց կյանքը եւ որոնց կարելի է վերագրել սեփական անհաջողությունները: Յուրաքանչյուր տարի յուրատեսակ է եւ կենդանական աշխարհը դրա հետ կապ չունի:
Ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին:
Ինչպես յուրաքանչյուր սովորական ընտանիք: Դիմավորելու ենք Հայաստանում` ընտանիքով: Առանց ավելորդ ցոփությունների, ճոռոմ խոսքերի եւ առանց դրան ֆանտաստիկ նշանակություն տալու: Կարեւոր է ընտանիքի մեկ սեղանի շուրջ հավաքվելու խորհուրդը եւ ոչ այն պահը, երբ ժամացուցի սլաքները հանդիպում են հյուսիսում:
Կարծիք կա, որ Ամանորը հայ կանանց համար հոգս է: Հիմա դուք այդ տոնի ի՞նչն եք սիրում եւ ինչը չե՞ք սիրում:
Կիսում եմ այդ կարծիքը, թեեւ այժմ արդեն դա ոչ բոլոր կանանց է վերաբերում: Շատերն ազատված են տանը պատրաստելու եւ պատրաստվելու պարտականությունից, իսկ շատերն էլ բոլորովին արեւմտյան մոտեցում են որդեգրել: Սակայն նրանք, ում համար դա հոգս է, միայն կանայք չեն, այլեւ` տղամարդիկ: Եվ այդ առումով, կարծում եմ, մեր ժողովուրդը այդ խելահեղ իրարանցումից պետք է ինքն իրեն ազատի: Կարեւոր է, որ յուրաքանչյուր ընտանիք սկսի գիտակցել, որ հասարակական կարծիք ձեւավորողներից է նաեւ ինքը: Եվ երբ վերջ է տրվում անհեթեթ ծախսերին եւ պարտադիր համարվող գնումներին ու վակխանալիայի հիմք ստեղծող սեղաններին, բարելավվում է թե’ ազգային մենթալիտետը, թե’ ժողովրդի ֆիզիկական վիճակը եւ թե’ ընտանիքների ֆինանսական դրությունը: Սրանք, իմ կարծիքով, հանրային կյանքի կարեւորագույն բաղկացուցիչներից են:
Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա, օրինակ` գնումներ անել, սալաթ կտրտել եւ այլն: Տունը, տոնածառը ինքներդ եք զարդարում` երգելով, պարելով:
Պարտավորությունների բաժանում մեր ընտանիքում չկա: Յուրաքանչյուրն անում է այն` ինչ այդ պահին պետք է անել եւ կարող է անել: Կարծում եմ` դա հատուկ է բոլոր նորմալ ընտանիքներին: Ինչ վերաբերում է տոնածառին, ասեմ, որ այն զարդարելիս չենք պարում, չենք երգում, չենք ցատկոտում եւ էլի շատ բաներ չենք անում: Պարզապես զարդարում ենք, որպես կանոն` փոքր քույրս: Կարծում եմ` բնական է, որ բոլոր թվարկածս գործողությունները չենք կատարում:
Ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը գոնե մոտավորապես:
Ծախսերի մասին խոսել չեմ սիրում: Իմ խորին համոզմամբ` անհատի ֆինանսական միջոցները պետք է հայտնի լինեն միայն տվյալ անհատին, ընտանիքին եւ հարկային մարմիններին: Դա ընդհանրապես խիստ անձնական ոլորտ է:
Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք նշելու այս Ամանորը:
Հայաստանում` Դիլիջանում ընտանիքիս հետ:
Դուք Ամանորից առաջ կարդո՞ւմ եք բոլոր աստղագուշակները, գուցե նաեւ այցելում գուշակների, հետեւում տենդենցներին, թե ինչ հագնել, որ տարվա խորհրդանիշ կենդանին «քաղցր աչքով» նայի ձեզ:
Չեմ ուզում, որ տարվա խորհրդանիշը որեւէ աչքով նայի ինձ: Ուզում եմ իր գործերով զբաղվի, իր ճանապարհին նայի: Աստղագուշակների վրա ժամանակ չեմ ծախսում, դա համարում եմ բացարձակ դատարկ եւ անպտուղ զբաղմունք: Գուշակների չեմ այցելում: Նախ` մեր բոլորիս կրոնն է մեզ դա արգելում եւ ապա` գուշակներին չեմ հավատում: Չեմ ուզում գուշակություններին տրվել, ուզում եմ ապրել իրական կյանքով եւ իրական կյանքում:
Ամանորը մանուկ հասակում` տոպրակի սպասելիս, Ձմեռ պապիկի մորուք քաշելիս եւ այլն: Մի դրվագ կհիշեք: Ձեր ամենառոմանտիկ, ամենաուրախ եւ տխուր Ամանորը:
Ձմեռ պապիկին դադարել եմ հավատալ շատ վաղ տարիքից եւ հավատալու ու չհավատալու միջեւ ժամանակային միջակայքը շատ կարճ է եղել: Հետեւաբար մորուք քաշելու կարիք այլեւս չկար, որովհետեւ գիտեի, որ կեղծ է: Սակայն, երբ հավատում էի, մեծ ոգեւորությամբ սպասում էի նվերների, որոնք միշտ հայտվում էին բարձիս տակ: Ամենառոմանտիկ Ամանորը դեռեւս առջեւում է: Այս ամանորն ամենառոմանտիկը չէ հաստատ, քանի որ իմ ռոմանտիկ ամանորի բաղկացուցիչներից մեկն ամանորին այստեղ չէ:
Ի՞նչ կցանկանայիք նվեր ստանալ Ամանորին, երազանք պահելո՞ւ եք Ամանորի գիշերը:
Սնահավատ չեմ: Երազանք չեմ պահելու: Բայց` երազելու եմ: Ինչպես միշտ: Առանց երազանքների եւ երազելու որեւէ երազ իրականություն չի դառնում:
Կարո՞ղ է նախորդ տարի Ձմեռ պապիկից խնդրել եք մանդատ, իսկ այս տարի ի՞նչ եք խնդրելու:
Մանդատ կարելի է խնդրել միայն Ձմեռ պապիկից (ծիծաղում է-NEWS.am): Եթե մանդատը խնդրելով լիներ, ապա Հայաստանի բնակչության գերակշիռ մասը կունենար այն: Մանդատը, կոնկրետ իմ պարագայում` Ձմեռ պապիկից Ձմեռ պապիկ ընկած ժամանակամիջոցում ծանր եւ հետեւողական աշխատանքի արդյունք է եւ այն հաստատ Ձմեռ պապիկից չեմ ստացել: Կուզենամ` այս տարին առավել արդյունավետ լինի ինձ համար, իսկ մեր երկրի համար` առավել խաղաղ եւ ապահով: Ուզում եմ, որ երկիրը նոր ուղի սկսի եւ որ այդ ուղին մեզ արժանապատիվ գոյություն ապահովի:





























