Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը խոստանում է չափազանց խիստ մոտենալ անսթափ վիճակում մեքենա վարողներին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Որպես բարի կամքի դրսեւորում՝ տեսուչները մեքենան կտանեն ոչ թե տուգանային հրապարակ, այլ վարորդի նշած վայր, օրինակ` ավտոտնակ: Սակայն հարբած վարորդի նկատմամբ կկիրառվի պատիժ` օրենքի ամբողջ խստությամբ: Նորիկ Սարգսյանը հիշեցրել է, որ նման դեպքերում տուգանքը կազմում է 100-150 հազար դրամ` կախված հարբածության աստիճանից:
Ըստ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի` 2011 դեկտեմբերի 31-ին եւ 2012թ. հունվարի առաջին օրերին վթարները հինգ մարդու կյանք են խլել: «Դրանից խուսափելու համար մենք խնդրում եւ պահանջում ենք ղեկի դիմաց նստել սթափ վիճակում, լինել առավելագույնս զգույշ, չգերազանցել արագությունը: Վստահ ենք, ավելի լավ է հարբած վարորդը մեկ օր անցկացնի ոստիկանությունում, քան վթարի ենթարկվի», - ընդգծել է Նորիկ Սարգսյանը:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը հայտնում է, որ նախատոնական օրերին մայրաքաղաքում ավելի աշխույժ դարձող երթեւեկության կագավորման նպատակով դեկտեմբերի 20-ից խաչմերուկներում եւ խոշոր խանութների մոտ հաստատվել են Ճանապարհային ոստիկանության հերթապահ ջոկատներ: Բացի դրանից, Երեւանի ոստիկաններին օգնություն է ուղարկվել մարզերից: Նորիկ Սարգսյանն անձամբ ամանորյա գիշերը կհերթապահի Հանրապետության հրապարակում:




























