Վրաստանի պետական պահպանության ծառայությունից 2013 թվականին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերահսկողության ներքո կմնան միայն անձնական եւ ընտանեկան թեկնապահները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: «Դրա վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել նոր իշխանությունների եւ նախագահի ու իր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» միջեւ»,-ասել է նա:

Ավելի վաղ Կառավարության ներկայացուցիչ Շալվա Թադումաձեն հայտարարել էր, որ այդ ծառայությունում հիմա աշխատում է շուրջ 1,8 հազար մարդ, որի 70 տոկոսն ապահովում են նախագահի անվտանգությունը: «Դա համարժեք չէ անվտանգության մարտահրավերներին նաեւ ֆինանսական տեսանկյունից: Սահակաշվիլին կունենա թիկնազոր, բայց մասնագետները կասեն, թե՝ որքան»,-ասել է նա ու շարունակել. «Նրա ավտոշարասյան մեջ տասնյակ ջիփեր կան, ինչը նաեւ ուժի ցուցադրություն է: Նա ավելի շատ թիկնապահներ ունի, քան պետք է նման երկրում եւ նման քաղաքական իրավիճակում: Պետք է ստեղծել միասնական համակարգված անվտանգության համակարգ Վրաստանում, դա ավելի հարմարավետ կլինի եւ համապատասխան ծառայությունների, եւ անձամբ Սահակաշվիլիի համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ Պետական պահպանության ծառայությունն իր վերահսկողության տակ առնելու «Վրացական երազանքի» պլաններն իրեն չեն վախեցնում: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 4 տարի սպառնում է ինձ վերացնել, չեմ վախենում, նրանցից («Վրացական երազանքից») էլ չեմ վախենա, ինձ պետք չեն զրահապատ մեքենաներ, օդանավներ ու ուղղաթիռներ, վերցրե՜ք: Ընտանիքի անդամներից մեքենա կվերցնեմ, կնստեմ ղեկին, ոչ ոք չի խանգարի ինձ տեղաշարժվել»,-ասել էր նա: