«Շչելկունչիկ» բալետը կվերադառնա Հայաստանի Սպենդիարյանի անվան Օպերայի պետական ակադեմիական թատրոնի եւ բալետի բեմ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը` «Շչելկունչիկ» բալետի վերականգնումը մտնում է 2013 թվականի պլանների մեջ:
Թատրոնի ծրագրերի մեջ մտնում են «Եվգենի Օնեգին», «Բոհեմ», ինչպես նաեւ «Վեսթսայդյան պատմություններ» օպերաների բեմադրությունները:
Բացի այդ, մոտ ապագայում կարելի է սպասել «Նորմա»-ի վերադարձը: «Այս ներկայացումը բեմադրելու հետ կապված ժվարություններ կան, քանի որ 2003 թվականին Մեծ Թատրոնում այն ցուցադրելուց հետո, բեռները տեղ են հասել որոշ նյութերի պակասուրդով: Դրանից հետո «Նորման» ցուցադրվել է եւս մի քանի անգամ, բայց առանց դեկորացիայի մի մասի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա 2013 թվականին աշխատավարձերը չեն բարձրանա` թեեւ վերջին տարիներին մյուս բյուջետային աշխատողների նման մեր աշխատավարձերը եւս բարձրացել են: «Մի փոքր գաղտնիք բացեմ` հուսով ենք, որ այս տարի մեզ հովանավոր կգտնվի»,- հաղորդել է Կամո Հովհաննիսյանը:
Հյուրախաղերի մասին հարցին ի պատասխան` թատրոնի տնօրենը նշեց, որ վերջին տարիների համաշխարհային ճգնաժամի պատճառով նույնիսկ աշխարհի առաջատար թատրոնները կրճատել են շրջագայությունները: «Նախկինում մենք շատ հրավերներ ունեինք: Հիմա էլ հրավերներ կան, սակայն ծախսերի մի մասը մենք պետք է անենք, իսկ մեզ մոտ եւս ֆինանսական խնդիրներ կան: Բայց բանակցությունները չենք դադարեցնում: Օրինակ` Լիվանայից հրավեր ունենք` նրանց մոտ «Սպարտակ» կամ «Գայանե» ցուցադրելու համար: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ամփոփեց Կամո Հովհաննիսյանը:





























