Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցած Ալիմենտի բռնագանձնման բաժնի վարույթներով եւ երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված շենքի՝ «Հեքիաթային տնակի», բացման արարողությունը:

Տնակի շահագործման արարողությունը համընկել է Ամանորի հետ. մանուկների համար կազմակերպվել էր ուրախ հանդես՝ երեխաների կողմից այնքան սպասված նվերներով: Նորակառույց շենքի մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրել են օրվա հերոսները՝ երեխաները: ԴԱՀԿ ծառայության շենքի անմիջական հարեւանությամբ դրսից ու ներսից հեքիաթ հիշեցնող տնակն ունի շատ գործնական նպատակներ: Այստեղ ԴԱՀԿ-ի օգնությամբ կազմակերպվելու են ամուսնալուծված ծնողների երեխաների տեսակցությունները հարազատների հետ, եթե առկա է տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ԴԱՀԿ-ի հետ առնչվող երեխաներն այսօր 2140-ն են, մինչեւ այժմ ծառայությունում համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով տեսակցությունները անց էին կացվում ԴԱՀԿ աշխատասենյակներում, իսկ նոր պայմանները ստեղծվել են ծառայության արտաբյուջեի հաշվին:

Նշենք, որ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է: Ըստ ԴԱՀԿ ծառայության ներկայացրած տվյալների, 2011 թվականին ծառայությունում ընթացք է տրվել 966 կատարողական վարույթի, որից 892-ն ալիմենտի բռնագանձման, 64-ը երեխաների տեսակցության կազմակերպման եւ 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։ Այս տարվա վիճակագրության համաձայն, 1072 կատարողական վարույթներից 987-ն ալիմենտի բռնագանձման վերաբերյալ են, 75-ը` երեխաների տեսակցության կազմակերպման եւ 10-ը` երեխաների հանձնման։