«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի ամանորյա պատրաստությունները սկսվել են տան մաքրությունից, բոլոր տեսակի փոշիները վերացնելուց: Իսկ խոհանոցում պատգամավորը հայտնվում է դեկտեմբերի 29-ից եւ սկսում նախապատրաստական աշխատանքները, հունվարի 1-ից էլ մեկնարկում է «ուտելու տոնը»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հեղինե Բիշարյանը:
Նա նշեց, որ ամեն տարի Ամանորին պարտադիր պատրաստում է ղափամա եւ սացիվի: «Խոհանոցը ինձ համար ստեղծագործելու հնարավորություն է, ես սիրում եմ խոհանոցում ստեղծագործել, չեմ վախենում նորարարություններից»,- ասաց նա` համաձայնելով, որ մի կողմից Ամանորը հոգս է հայ կանանց համար, բայց մյուս կողմից էլ` դա ընտանիքի անդամների, հարազատների, բարեկամների, ընկերների հետ շփվելու հնարավորություն է: «Գոնե մի քանի օր կկարողանամ կատարել տարվա ընթացքում չկատարած այցերս, բարեկամներիս, ընկերներիս, ընտանիքիս նկատմամբ կարոտը կփորձեմ լրացնել, որովհետեւ ամբողջ տարվա ընթացքում նման հնարավորություն չի ընձեռվել»,- ասաց նա: Հյուր գնալիս Հեղինե Բիշարյանը չի ընտրում ստանդարտ «բոնբոնեռկա-կոնյակ», չի կարեւորում ոչ նվերների գինը, ոչ էլ սեղանի «արդուզարդը»:
Արդեն 15 տարի է` ՕԵԿ-ը` իր քաղաքական թիմով ավելի քան 100 մարդ, հավաքվում են դեկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ից եւ սկսում Ամանորը տոնել մինչեւ լուսադեմ, «ով ինչքան դիմանում է»: «Արթուր Բաղդասարյանը հրավերք է կատարում, միշտ կազմակերպում է, բոլոր երեխաներին նվերներ է պատրաստում, հետաքրքիր տոնածառ է դրվում, շատ ուրախ է անցնում: Դրանից հետո գնում ենք տուն, մի քիչ հանգստանում ենք ու սկսում հերթական հանդիպումները, ընդունելությունները»,- պատմեց պատգամավորը:
Այս Ամանորին Հեղինե Բիշարյանը նոր հագուստ չի գնել եւ չի պատրաստվում գնել, ամանորյա ծախսերը թույլ չեն տվել: «Ամանորյա ծախսերը կրճատվում են, Ամանորը ուտելու տոն ենք սարքում, չենք կարողանում զերծ մնալ այդ ամեն ինչից. ինչքան էլ ուզում ենք մեր մեջ ինչ-որ բան փոխել: Ես իհարկե քչակեր եմ, իմ չափը ունեմ, դրանից ավել չեմ ուտում, ինչքան ուզում է ճոխ լինի սեղանը: Կուզեի, որ մի օր քնենք եւ արթանանաք եւ մեր պետությունում օրենքով որոշում լինի, որ Ամանորին սեղաններ չենք դնելու եւ այդ ձեւով չենք դիմավորելու, դա շատ ընտանիքներին սթրեսներից կփրկի, իհարկե շատ կտուժեն մեր որոշ գործարարներ, որոնք մեծ գումարներ են աշխատում այդ օրերի ընթացքում, բայց, ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ ժողովուրդը գոհ կլինի»,- ասաց նա: ՕԵԿ փոխնախագահը վստահեցրեց, որ ինքը խորհրդարանի աշխատավարձով ապրող պատգամավոր է, իրենք ընտանիքում երեք հոգի են, երեքն էլ աշխատում են եւ չեն խեղճանում ամոնրյա ծախսերը հոգալիս:
Նա չցանկացավ նշել, թե ամանորյա նախապատրաստությունները ինչքան են արժենում, քանի որ գները փոփոխական են: «Ընտանիքում քննարկում ենք եւ փորձում ենք մեր ստացած աշխատավարձների, արձակուրդայինների եւ հավելավճարների գումարից ինչ-որ բան նախատեսել նվերների համար,քանի որ կարեւորում ենք, որովհետեւ շատ ընտանիքներում փոքրիկներ կան: Շատ մեծ ընտանիք չենք, բավարարվում ենք այնքանով, որքանով կարողանում ենք»,- ասաց պատգամավորը;
Ընդհանուր առմամբ, նա գոհ է «Վիշապից», սպասված տարի էր, իսկ «Օձի» տարում Հեղինե Բիշարյանը տատիկ է դառնալու, այս տարի աղջիկ թոռնիկ է ծնվելու, որին սակայն պատգամավորի անունով չեն անվանի: «Քանի որ իմ աղջիկն է մայրանալու, ամուսիններով որոշել են մյուս տատիկի անունը դնել, եւ դա ճիշտ է, իմ որդին էլ իմ անունը կդնի»,- նշեց նա: Օձի տարուց Հեղինե Բիշարյանը այլ սպասելիքներ եւս ունի, ցանկանում է, որ մեր ժողովուրդը օձին չնմանվի, մասնավորապես` խայթելու եւ սողալու հատկությամբ, փոխարենը պետք է վերցնել օձի գույները եւ իմաստւնությունը: Հեղինե Բիշարյանը խոստովանեց, որ ամեն շաբաթ կարդում է աստղագուշակներ եւ հավատում է դրանց:
Պատգամավորը Ձմեռ պապիկին` իր որդուն կամ ամուսնուն, «չի ծանրաբեռնելու, քանի որ նրանց խնայողությունները ներդնելու են Ամանորյա ուտելիքներ գնելու վրա»:





























