Ռուսաստանցիների մեծ մասն ափսոսում է ԽՍՀՄ փլուզման համար. դրանք հիմնականում տարեց, համացանցից չօգտվող, ցածր կրթական մակարդակ ունեցող մարդիկ են: Սա են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ուղիղ 90 տարի առաջ, 1922 թվականի դեկտեմբերի 22-ին Ռուսական ԽՖՍՀ, Ուկրաինական ԽՍՀ, Բելառուսական ԽՍՀ եւ Անդրկովկասյան ԽՍՀ խորհուրդների համագումարում ստորագրվել է ԽՍՀՄ-ի կազմավորման պայմանագիրը: Այն հաստատվել է նույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ Խորհուրդների համամիութենական 1-ին համագումարում եւ ստորագրվել պատվիրակությունների ղեկավարների կողմից: Հենց սա էլ համարվում է ԽՍՀՄ ստեղծման ամսաթիվ, որի կազմում ընդգրկված էին 4 հանրապետություններ:
Հարցման արդյունքների համաձայն՝ ԽՍՀՄ փլուզման համար այսօր ափսոսում է հարցվածների 56 տոկոսը: 10 տարի առաջ այդ ցուցանիշը 65 տոկոս էր: Որպես կանոն, ԽՍՀՄ-ի փլուզման համար ափսոսացող մարդիկ 45 տարեկանից բարձր են (70-83 տոկոս), ունեն ցածր կրթական մակարդակ (72 տոկոս), չեն օգտվում համացանցից (75 տոկոս), մայրաքաղաքների բնակիչ են (64 տոկոս):
ԽՍՀՄ փլուզման համար չի ափսոսում հարցվածների 33 տոկոսը (10 տարի առաջ՝ 27 տոկոսը): Հիմնականում նրանք երիտասարդներ են (54 տոկոս), ունեն բարձրագույն կրթություն (37 տոկոս) եւ համացանցից ակտիվ օգտվողներ են (43 տոկոս):
Այդուհանդերձ, հարցվածների 55 տոկոսը կարծում է, որ ԽՍՀՄ փլուզումից հնարավոր էր խուսափել:
Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-2-ին, որին մասնակցել է 1,6 հազար մարդ՝ Ռուսաստանի 138 բնակավայրերից եւ 46 մարզերից: Վիճակագրական սխալմունքի տոկոսը 3,4 է:





























