«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խմբակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանը Ամանորը անց է կացնելու արտերկրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Այլ մանրամասներ նա չհաղորդեց` հավելելով, որ դա անձնական է:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Ամանորը դիմավորելու է Ծաղկաձորում`  ընտանիքի հետ` թոռներով, հարսներով: «Սեղան ենք զակազ տալիս, հետո վերջում սեղանի հաշիվը փակում ես, ես ինչ իմանամ` ինչքան է, մատչելի»,- ասաց նա` կեսկատակ, կեսլուրջ նշելով, որ Ամանորի ծախսը արժեցել է պետբյուջեի կեսից ավելին: Նա որեւէ դրվագ չի հիշում Ամանորից, ասում է` իր մանկության ժամանակ Ամանոր չկար: «Ինձ համար ամեն օր էլ Նոր տարի էր»,- ասաց նա: Գալուստ Սահակյանը նշեց, որ այս տարվա Ձմեռ պապիկը եւ Ձյունանուշը հռչակել են ընդդիմությունից, իսկ իրենք չեն թողնում, որ իրենցից բան ուզեն: Իսկ թե ովքեր են Ձմեռ պապը եւ Ձյունանուշը, Գալուստ Սահակյանն ասաց, որ ընդդիմությունը պետք է որոշի, առաջիկա օրերին կհրապարակեն: Ամանորյա դիմակահանդեսին ներկայանալու համար ՀՀԿ խմբակցության ղեկավարին հավելյալ դիմակներ պետք չեն: «Իմ կերպարը իմ դերակատարման կերպարն է, դուք մի մտածեք, բոլոր քաղաքական գործիչներն էլ  հասարակության մեջ դիմակով են, լրացուցիչ դիմակի կարիք չկա»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ այն դիմակով, որով ներկայանում է մեզ, կգնա ամանորյա դիմակահանդեսի:

«Ժառանգության» ղեկավար, նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած Րաֆֆի Հովհաննիսյանը եւս Ամանորը կանցկացնի Հայաստանում, շրջելու է քաղաքով:  Նախագահի մեկ այլ թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ամանորը դիմավորելու է տանը` ընտանիքի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը:  Ինչ վերաբերում է ամանորյա ծախսին, նախկին վարչապետը նշեց, որ աշխատավարձը կինն է ծախսում, իսկ Ամանորի ծախսը կազմում է մոտ 350-400 հազար դրամ: Հրանտ Բագրատյանը սիրում է լավ բաներ ուներ ուտել, բայց շատ լավ գիտի, որ եթե մի բան համով է, որպես կանոն,վնասակար է առողջությանը: Նա շատ համով բաներ չի ուտում, քանի որ մտածում է առողջության մասին: Ինչ վերաբերում է ոգելից խմիչք օգտագործելուն, ապա ՀԱԿ անդամը վստահեցրեց, որ խմող չէ, հազվադեպ է եղել, որ շատ է խմել, եւ իր կյանքում ոչ ոք իրեն հարբած չի տեսել: Ձմեռ պապիկի հետ Հրանտ Բագրատյանի հարաբերությունները այնքան էլ չեն ստացվում, նա միշտ քաղաքական գործչից է ինչ-որ բան ուզում: «Աստված Ձմեռ պապիկին համբերություն տա, որ Հայաստանի անհաջողություններին դիմանա, մինչ հաջողություն գա մեր երկրում: Ձյունանուշիկն էլ ինչքան սիրուն, էնքան լավ է:Թող լավ փեսացու գտնի իր համար, որ լավ երեխեք ունենան»,- ասաց նախագահի թեկնածուն: