Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Ամանորը աշխատավայրում կանցկացնեն եւ բոլորի հանգիստ, խաղաղ Նոր տարին կապահովեն բժիշկները, ոստիկանները եւ այլ «օպերատիվ» մասնագիտությամբ անձինք:

«Շտապօգնությունը»`  անկախ տոներից, աշխատում եւ աշխատելու է 24 ժամյա գրաֆիկով, փորձելու են Ամանորին քաղաքացիների ահազանգերի սպասարկումը չուշացնել, թեեւ դա կախված է մի շարք հանգամանքներից` կանչերի քանակից, մարդկանց ինքնազգացողությունից պիկ ժամերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ չեն կարող կանխատեսել, թե քանի կանչ կլինի, որեւէ չափորոշիչ չկա, բայց սովորաբար Ամանորի օրերին «Շտապօգնությունը» Երեւանում սպասարկում է մոտ 500 կանչ: Ամանորին «Շտապօգնությունը» կունենա հերթապահություններ քաղաքի մի շարք վայրերում` Հանրապետության հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում եւ բոլոր այն վայրերում, որտեղ միջոցառումներ են նախատեսված: Միայն Երեւանում «Շտապօգնության» ավելի քան 130 աշխատակիցներ Ամանորը կանցկացնեն աշխատավայրում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից եւս հայտնեցին, որ աշխատելու են արտակարգ ռեժիմով: Բոլոր հասարակական վայրերում, փողոցներում, բակերում ոստիկանները կշրջակայեն, կպարեկեն: Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտից ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերը ուժեղացված ծառայության են անցել Երեւանում:  Տոնական ծառայության է դուրս եկել 140 պարեկային մեքենա՝ շուրջ 300 ծառայողներով, որոնք շուրջորյա հերթափոխումով ապահովելու են հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը մայրաքաղաքի բոլոր շրջաններում, հասարակական եւ զվարճանքի վայրերում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փոխտնօրեն, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  նախարարի հրամանով` հանրապետության բոլոր մարզերում նշանակված է ուժեղացված ծառայություն: «163 հրշեջ մասերը, մարզային վարչությունները տեղում կհերթապահեն, ուժեղացված ծառայությամբ կաշխատի նաեւ Ճգնաժամային կառավարման կենտրոնը եւ 911 ծառայությունը: Ամբողջ արտաքին ծառայությունը` ավելի քան 1000 աշխատակից, կգտնվի ծառայության մեջ»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը: