Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 29-ին, փաստաթղթեր է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: Նա առաջադրվել է իր կուսակցության կողմից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Ավելի վաղ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էին ներկայացրել նախագահի 9 թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի «բուտիկները» ապամոնտաժող բրիգադի անդամ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:





























