Օրերս NEWS.am-ի Լոռիի թղթակիցն անդրադարձել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 25-ամյա Սյուզաննա Ռեւազյանի եւ իր երկու մանկահասակ երեխաների պատմությանը: Նյութի հրապարակումից անմիջապես հետո մի շարք անհատներ ցանկություն են հայտնել օգնել Ռեւազյանների ընտանիքին:

Հիշեցնենք, որ  Սյուզաննայի 5-ամյա աղջիկը տառապում է սուր բրոնխիալ ասթմա հիվանդությամբ եւ այժմ բնակվում են մի տնակում, որը կտրականապես հակացուցված է տվյալ հիվանդությամբ տառապող մարդու համար: Ընտանիքը ապրում է հնացած տնակում, տնակն էլ իր հերթին գտնվում է քաղաքային գերեզմանատան անմիջապես ներքեւում: 2 մանկահասակ երեխաների մայրը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ աղջնակը շատ թանկ դեղորայք է օգտագործում: Պետության կողմից ստանում է աղջկան տրվող 18 հազար դրամ թոշակ եւ 28 հազար դրամ նպաստը: Բայց միայն մի դեղին տալիս են 18 հազար:

Երկու երեխաների մոր ցանկությունը միայն մեկն է. դուրս գալ այս տնակից, որտեղ իրենք հիմա ապրում են եւ որն այդքան վտանագավոր է 5-ամյա երեխայի առողջության համար. «Ես ոչինչ չեմ ուզում, ես մի կերպ յոլա կտանեմ, ես միայն ուզում եմ, որ երեխես էս դոմիկից դուրս գա, որ իր բուժումներն օգուտ տան»:

Եվ այսպես, անապահով ընտանիքը հունվարից նոր բնակարան կտեղափոխվի. բնակարանի մեկ տարվա վարձը կհոգա Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Բացի այդ փոքրիկներին նվերներ ու քաղցրավենիքներ է ուղարկել Երեւանից՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ֆինանսական բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը (նվերը փոխանցվել է ընտանիքին NEWS.am-ի Լոռիի թղթակցի միջոցով) եւ Վանաձորի «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդական միությունը:

Հիվանդ փոքրիկի առողջական խնդիրները հոգալու համար գումար է նվիրաբերել «Արդշինինվեստբանկի» Կոտայքի մասնաճյուղի կառավարիչը:

Այսպիսով, NEWS.am-ի հրապարակումը հերթական անգամ անարձագանք չմնաց, ընտանիքը, որը հայտնվել էր անելանելի դրության մեջ, այսօր արդեն քիչ թե շատ մոռանում է կենցաղային որոշ հոգսեր՝ պատրաստվելով Ամանորին, իսկ 3-ամյա Արան ու 5-ամյա Մալենան այժմ ուրախանում ու վայելում են բարի մարդկանց կողմից նվիրաբերված խաղալիքներն ու քաղցրեղենով լի տոպրակները: Ընտանիքի մայրը՝ Սյուզաննա Ռեւազյանն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր բարի մարդկանց իրենց հոգսը կիսելու համար: