Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 19:07-ին ԱԻՆ մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել նշված վայրում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել միանգամից երկու մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ:
Գրեթե ամբողջությամբ այրվել է շինությունը՝ ներսում գտնվող գույքի հետ միասին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վահե Քառյանն ասաց, որ գաղափար չունի, թե ինչից կարող է հրդեհն առաջացած լինել: «Ես ինչ իմանամ, մասնագետները հետո կպարզեն»,-ասաց նա: Մասնաճյուղի տնօրենը չգիտեր նաեւ, թե հրդեհի պահին նշված շենքում մարդ եղել է թե ոչ. «Չեմ կարա ասեմ, ինչքան որ գիտեմ չէ»:
Ի դեպ, մասնաճյուղի տնօրենին բարկացրեց այն հանագամանքը, երբ փորձեցիք նկարել շինության կողքին լցված փայտանյութը. «Չեմ հասկանում, դու եկել հրդեհն ես նկարում, թե թափված փետը…մեկը մեկի հետ ինչ կապ ունի, թե ուրիշ բան ես ման գալի` չես քթնում…»,- վրդովեց նա: Իսկ երբ նրան հիշեցրեցինք, մեր իրավունքների ու իր պարտականությունների մասին, ասաց. «Գնա ինչ ուզում ես նկարի…»:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am




























