Ո՞վ ասաց, թե որոշումն այսօր ենք կայացրել: Ո՞վ ասաց, թե շարքային երկրապահների կարծիքը չենք հարցրել, հաշվի չենք առել Սերժ Սարգսյանին սատարելու որոշում կայացնելուց առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով այսօր` դեկտեմբերի 31-ին ԵԿՄ վարչության կայացրած որոշմանը: Վերջինս խոսեց, ոչ միայն Ամանորի, այլեւ այսօր կայացած ԵԿՄ վարչության ընդլայնված նիստի կապակցությամբ:
Պարոն Գրիգորյան, Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն էր ավարտվող` 2012 թվականը եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013-ից:
Նախ ես օգտվեմ առիթից, շնորհավորեմ հայությանը Նոր Տարվա եւ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Շնորհավորում եմ առաջին հերթին Եռաբլուրում ամփոփված մեր ընկերների Ամանորը: Ավանդույթի համաձայն` ամեն տարի դեկտեմբերի 31-ին երկրապահներն այցելում են Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցում Վազգեն Սարգսյանի եւ մեր մյուս հերոս նահատակների շիրիմներին: Շնորհավորում եւ ամենայն բարիք եմ մաղթում մեր ազգին, մեր երկրապահ ժողովրդին, մեր հերոս մայրերին, քույրերին: Շնորհավորում եմ մեր բանակին, մեր սահմանապահ ժողովրդին` Արցախի, Տավուշի, Սյունիքի, մյուս սահմանակից շրջանների բնակչությանը: Մաղթում եմ բոլորին հաջողություն, երջանկություն, առողջություն, իսկ հավաքական մեր ազգին` միասնականություն: Անցնող տարին հոբելյանական էր հայոց բանակի համար, հոբելյանական էր մեր 5-րդ բրիգադի համար, տոնական միջոցառումները դեռ շարունակվելու են: Բայց ես ասեմ, որ բանակը ծնվեց, 5-րդ բրիգադն ու մյուս ստորաբաժանումները ստեղծվեցին, պատերազմում հաղթանակը եղավ մեր ազգի միասնության շնորհիվ, թիկունքի եւ ռազմաճակատի միասնության շնորհիվ: Երբ հայ ազգը միասնական է` անպարտելի է: Պարտադիր ուզում եմ շնորհավորել նաեւ մեր երիտասարդ երկրապահների, պատանի երկրապահների, նրանց ընտանիքների Նոր Տարին ու Սուրբ ծնունդը: Մենք ամեն ինչ արել ենք, ամեն ինչ անում ենք վաղվա Հայաստանի համար, որ այս երիտասարդները պիտի կառուցեն: Ես հավատում եմ նոր սերունդին, նրանք մեր արածը կպահպանեն ու կավելացնեն:
Մի քանի խոսք էլ, եթե կարելի է` ԵԿՄ վարչության ընդլայնված նիստի այսօրվա որոշման մասին: Համոզվա՞ծ եք, որ այն դուր կգա բոլոր երկրապահներին: Չէ՞ որ կան այլ քաղաքական հայցքների տեր ԵԿՄ-ականներ եւս:
Ո՞վ ասաց, թե որոշումն այսօր ենք կայացրել: Ո՞վ ասաց, թե շարքային երկրապահների կարծիքը չենք հարցրել, հաշվի չենք առել: Համագումարը ԵԿՄ բարձրագույն մարմինն է: Համագումարը երկու տարին մեկ ենք անցկացնում, ուրեմն համագումարի որոշումները 2 տարվա համար են: 2012-ի փետրվարին մեր 9-րդ համագումարը հայտարարեց, որ ԵԿՄ-ն սատարում է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունները ատաքին եւ ներքին քաղաքականության մեջ: Հայտարարությունն էլ միաձայն է ընդունվել, ոչ ոք դեմ չի եղել: Սերժ Սարգսյանը շարունակել է իրականացնել իր ծրագրերը: Մենք հաշվի ենք առնում, որ Սերժ Սարգսյանը մեզ հետ եղել է խրամատում, անցել է պատերազմի բովով: Նա բոլորից լավ է պատկերացնում, թե ինչ Հայաստանի մասին էին երազում մեր նահատակ ընկերները: Մենք նաեւ հասկանում ենք, թե ինչ կարեւոր է ուժեղ, օրինական, լեգիտիմ նախագահ ունենալը: Հասկանում ենք, որ մեր ամենամեծ ձեռքբերումը` Արցախի անկախությունը, անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ուժեղ նախագահ ունենանք: Դրա համար էլ մեր վարչության ընդլայնված նիստի որոշումը 2 մասից է: Նախ ողջ բնակչությանը կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Իսկ երկրորդ մասով կոչ ենք անում ԵԿՄ անդամներին, մեր երկրապահ ժողովդին քվեարկել մեր մարտական ընկեր, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի օգտին: Նշեմ, որ վարչության նիստը նաեւ անդրադարձել է կառույցի 2012-ի աշխատանքների գնահատականին, նաեւ հաստատել ենք 2013-ի ծրագրերը, միջոցառումների պլանը: Առաջիկա տարվա ընթացքում եւս Երկրապահն ակտիվորեն աշխատելու է: Եկեք այսօր էսքանով սահմանափակենք մեր զրույցը, բոլորս էլ հասնենք մեր օջախներին, բոլորս էլ ուրախ Նոր Տարի նշենք ու միասնական լինենք:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը





























