Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 31-ին, փաստաթղթեր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ռուբեն Այվազյանը ինքնառաջադրվել է:

Ավելի վաղ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էին ներկայացրել նախագահի 14 թեկնածու`  անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը:

Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: