ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ամանորյա ուղերձ է հղել: Նրա հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.Շնորհավորում եմ ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան հրաշալի առիթով: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն, վստահություն՝ ապագայի նկատմամբ:Մենք ապրում ենք դժվար մի ժամանակահատվածում, եւ մեր 21-ամյա Հանրապետության պատմությունն իմաստավորելու, վերլուծելու ժամանակն է: Երրորդ Հանրապետության պատմությունն ինքնին դժվարությունների մի անվերջանալի թվացող շղթա է, եւ ցավալիորեն՝ առաջիկա ապագան լավատեսությամբ լցվելու ազդակներ չի հաղորդում:Այս ամենը սակայն, պետք է ավելի լրջացնի մեզ, ավելի խոհուն ու վճռական դարձնի, ամրապնդի մեր քաղաքացիական գիտակցությունը, որ ուրիշ որեւէ մեկը մեր երեխաներին չի դարձնելու Ազատ եւ Երջանիկ Հայրենիքի Տեր: Դա պարտավոր ենք անել մենք, ու միայն մենք: Ամանորն ու Սուրբ Ծնունդը այդ հանձնառությունը վերահաստատելու լավ առիթ է, եւ մեզանից յուրաքանչյորրը ինքն իր համար, ինքն իր մեջ այդ պարտավորությունը ստանձնելու կամ վերահաստատելու հնարավորություն ունի:Մեր երեխաները պետք է ապրեն Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, որի պատմությունը կլինի հաղթանակների, նվաճումների, ձեռքբերումների անվերջանալի շղթա:Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:Աստված մեզ օգական»:
Նիկոլ Փաշինյան. Մեր երեխաները պետք է ապրեն Ազատ եւ Երջանիկ Հայաստանում
Տեղադրություն




























