ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մովսես Հակոբյանի ուղերձում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, ՊԲ սիրելի զինծառայողներ, արցախյան ազատամարտի վետերաններ.
Ավարտին է մոտենում եւս մեկ՝ ստեղծագործ աշխատանքի եւ բանակաշինության ձեռքբերումներով հարուստ տարի: Չնայած աշխարհաքաղաքական լարված իրադրությանը, այն մեզ համար առանձնացավ այնպիսի հաջողություններով, որոնք առավել ամրապնդեցին մեր դիրքերը տարածաշրջանում եւ ստեղծվեցին պայմաններ հավանական պատերազմի դեպքում հակառակորդի նկատմամբ մեր հերթական հաղթանակները ապահովելու համար: Անցնող տարում շարունակեց աճել ՊԲ մարտունակությունը, բարձրացավ հրամանատարների եւ շտաբների պատրաստությունը, կատարվեցին մեծածավալ աշխատանքներ մարտական հերթապահության կատարելագործման, զորքերում կարգապահության ամրապնդման, մարտական պատրաստության բարելավման եւ մյուս բոլոր ուղղություններով:
Հատկանշական է, որ 2012թ. բանակի համար մեկնարկեց մայիսյան մեծ զորահանդեսի նախապատրաստմամբ, իսկ ապա նաեւ փայլուն անցկացմամբ եւ եզրափակվեց Պաշտպանության բանակի ուժի եւ հզորության մասին վկայող մեկ այլ խոշոր միջոցառմամբ՝ բանակի հարվածային խմբավորումների հետ անցկացված լայնամասշտաբ զորավարժությամբ: Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք արձանագրել, որ 2012 թվականին Պաշտպանության բանակը հաջողությամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրները եւ ապահովել մեր պետության եւ ժողովրդի անվտանգությունը:
Թույլ տվեք բանակի հրամանատարության եւ անձամբ իմ անունից շնորհավորել ՊԲ ողջ զինանձնակազմին, արցախյան ազատամարտի վետերաններին, զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին եւ մեր բոլոր հայրենակիցներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ անձնական երջանկություն, ստեղծագործ աշխատանք եւ արդյունավետ ծառայություն: Թող 2013 թվականը մեր պետության, բանակի եւ ժողովրդի համար լինի խաղաղության եւ հետագա հզորացման տարի:
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:




























