Կուբայի բնակիչները դիմավորել են նոր 2013 թվականն ու հունվարի մեկին նշվող հեղափոխության հաղթանակի 54 ամյակը հրետանային հրանոթների 21 համազարկով, որ տեղակայված են հավանյան ծովախորշի ափին մոտ գտնվող Սան-Կարլոս-դե-լա-Կուբանյա ամրոցում: Տոնական միջոցառումին կարող էին գալ բոլոր ցանկացողներ. կեսգիշերից մեկ ժամ առաջ այցելուների համար ամրոցի մուտքը բաց էր: Համազարկերը հնչել են տեղի ժամանակով ժամը 00:00-ին Հավանայի մայր տաճարի զանգի 12-րդ զարկի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կուբայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ եւ հյուրեր Նոր տարին դիմավորել են համաշխարհային ճանաչում ունեցող Մալեկոնե ծովափին: Հին Հավանայի տաճարի հրապարակը ամանորյա գիշերը վերածվել էր խոշոր խնջույքի դահլիճի`բաց երկնքի տակ:
Կուբայի հեղափոխության բնօրրանում` Սանտյագո-դե Կուբա քաղաքում ամանորյա գիշերը պետական հիմնի հնչյունների ներքո քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է ազգային դրոշը: 1959 թվականի հունվարի մեկին այդ շենքի պատշգամբից Ֆիդել Կաստրոն հայտարարել է բռնապետ Ֆուլհենսիո Բատիստայի բանակների դեմ ապստամբների տարած հաղթանակի մասին, որից հետո բռնապետը փախել է Դոմինիկյան Հանրապետություն:





























