Հունվարի 2-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների տան դիմաց, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա է կայանված, իսկ վարորդը անշարժ պառկած է, հայտնում են Ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում, հայտնաբերել է 1950 թ. ծնված Վահրամ Կարապետյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Հունվարի 2-ին, ժամը 15.30-ին, 1960 թ. ծնված Վալերի Մելքոնյանը «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում բախվել է «Ռենո» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի, որից հետո դուրս գալով երթեւեկելի մասից՝ բախվել է ծառի: Պատահարի հետեւանքով Վալերի Մելքոնյանը «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:Կատարվում է քննություն:




























