Ադրբեջանի ընդդիմությանը դեռեւս չի հաջողվում համաձայնության հասնել նախագահի միասնական թեկնածուի առաջադրման հարցում:

«Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցությունում կարծում են, որ դեռեւս վաղ է միասնական թեկնածուի առաջադրման համար: «Այդ հարցում կուսակցությունը մտադիր չէ շտապել: ԱԺՃԿ-ն  իր թեկնածուին կառաջադրի, երբ որոշի մասնակցել նախագահական  ընտրություններին», - հայտարարել է  կուսակցության փոխնախագահ Ֆուհադ Ղահրամանլին` մեկնաբանելով «Մուսավաթ» կուսակցության  առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածության առաջադրումը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: Ըստ Ղահրամանլիի` ԱԺՃԿ-ն աջակցում է ընտրություններին ընդդիմության` միասնական թեկնածուով մասնակցությունը:  «Սակայն միեւնույն ժամանակ մենք հարգանքով ենք վերաբերվում Հանրային պալատում ներկայացված կուսակցությունների` իրենց թեկնածուներով առաջադրվելու իրավունքին: Յուրաքանչյուր քաղաքական ուժ նման գործընթացներին յուրովի է մոտենում: ԱԺՃԿ-ի համար գլխավորը թեկնածուի առաջադրումը չէ, այլ  ժողովրդավարական ընտրությունների ապահովումը եւ ընդդիմության ավելի  ընդարձակ դաշինքի ստեղծումը», - պարզաբանել է նա:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ   «Մուսավաթ» ընդդիմադիր ազգայնական կուսակցությունը հունվարի 4-ին Մեջլիսի իր նիստում որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին` առաջադրելով կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարի թեկնածությունը:

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահի ընտրությունները նշանակված են  հոկտեմբերին: Ալիեւյան գերդաստանը բոլոր նախապայմաններն ստեղծել է ավտորիտար վարչակարգի վերարտադրման համար. Սահմանադրությունից հանվել է  միեւնույն անձի համար նախագահական եռանգամյա ժամկետի արգելքը, ընդդիմությունն ամբողջովին զրկվել է ռադիոն եւ հեռուստատեսությունն օգտագործելու իրավունքից: