Դեկտեմբերի 31-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում բռնկված հրդեհ-պայթյունի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռու մարզի թղթակիցը, նշված օրը ժամը 13:33-ին ԱԻՆ Լոռու  մարզային փրկարական վարչության կարգավարական կետում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց 17 հասցեում՝ «Լուսատու» խանութի հարեւանությամբ գտնվող «Կոնս Ալիանս»  հաշվապահական ընկերությունում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրդեհի հետեւանքով 1976թ. ծնված Վարդան Սարդարյանը 2-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է նախ Վանաձորի բժշկական կենտրոն, այնտեղից` Երեւանի այրվածքաբանական կենտրոն: Նրա վիճակը, ըստ ԱԻ նախարարության հաղորդագրության, բժիշկները գնահատել են ծանր: Վարդան Սարդարյանը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է:

Ըստ տեղեկությունների, հրդեհից առաջ տեղի է ունեցել պայթյուն, ինչից էլ առաջացել է հրդեհը: