Հունվարի 4-ին Վրաստանի մի շարք քաղաքներում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել, այդ թվում` Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում եւ Զուգդիդում: Բողոքի ցույցի կազմակերպիչը հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների կազմկոմիտեն է եղել, որը ստորագրություններ էր հավաքել Սահակաշվիլիի հրաժարականի վերջնագրի համար, հաղորդում է «Նովոստի Գռուզիա» գործակալությունը:
Հայտարարվել է, որ Միխայիլ Սահակաշվիլիի նախագահական ժամկետն ավարտվում է 2013թ. հունվարի 20-ին` նրա երդմնակալությունից ուղիղ հինգ տարի անց: Ըստ Վրաստանի գործող Սահմանադրության` նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով: Մինչդեռ, ըստ նախորդ գումարման խորհրդարանի ընդունած Սահմանադրության լրացուցիչ փոփոխությունների, նախագահական ընտրությունները նշանակված են 2013թ. հոկտեմբերին:
Թբիլիսիում Սահակաշվիլիի նստավայրի մոտ հավաքվել են հարյուրավոր մարդիկ, կազմակերպիչները կարդացել են վերջնագիրը: Այնտեղ նշված է եղել, որ եթե Վրաստանի նախագահն արհամարհի վրացի ժողովրդի պահանջը եւ հրաժարական չտա, իրենք ծայրահեղ միջոցների կդիմեն:
Վերջնագիրը ստորագրել են շուրջ 50 ոչ կառավարական եւ քաղաքական կազմակերպություններ: Սահակաշվիլիի դեմ բողոքի նոր ցույցը Թբիլիսիում տեղի կունենա շաբաթ օրը ժամը 15:00-ին, Ռուսթավելի պողոտայում, այն շենքի մոտ, որտեղ դեռ վերջերս` նախքան Քութայիս տեղափոխվելը, գտնվում էր Վրաստանի խորհրդարանը: Այսօրվա բողոքի ցույցի ընթացքում եւս շարունակվել է Սահակաշվիլիի հրաժարականի ստորագրահավաքը:





























