Հունվարի 6-ին Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որի առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, ս. պատարագ է մատուցել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:

Ս. Ծննդյան հանդիսավոր պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն է ուղղել աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով ավետիսը:

«Մարդկության, նաև մեր կյանքը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լի է տարաբնույթ մարտահրավերներով, տագնապներով ու հոգսերով` ընկերային, տնտեսական հիմնահարցեր, ազգամիջյան և միջկրոնական խնդիրներ ու հակամարտություններ, կարիք, անձնական շահի մոլուցք, զրկվածների անտեսում, արդարության, մարդասիրության պակաս և այլ արատներ, որոնք հետևանք են Աստծուց հեռանալու ընթացքների: Մարդը աշխարհի իրականության առջև հաճախ կարծում է, որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապես նյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված, նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախությունն ու երջանկությունը»,- իր խոսքում մասնավորապես ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա հայրապետական իր օրհնությունն է հղել հայ ժողովրդին. «Աղոթք ենք բարձրացնում, որ մարդացյալ Փրկչի սիրո, խաղաղության և համերաշխության շնորհները հանապազ ճառագեն աշխարհում, ի մասնավորի հակամարտության մեջ գտնվող երկրներում, հատկապես պատերազմական իրավիճակում հայտնված Սիրիայում և այնտեղ դժվարություններ ու նեղություններ դիմագրավող մեր եղբայրների ու քույրերի կյանքում: Թող մարդկանց հոգիներում մշտապես արձագանք գտնի Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութին և ի մարդիկ հաճութիւն» պատգամը և ամրապնդվի Աստծո հետ ընթանալու կամքը»:

Սբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը կատարել է Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը:

Սբ Պատարագի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Սբ Պատարագից հետո Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: