Այսօր դիմակայություն է տեղի ունենում հայրենիքի եւ նրա թշնամիների, ժողովրդի եւ ավազակախմբերի միջեւ, որոնց հանցագործությունները երկրում պարենի, վառելիքի, էլեկտրաէներգիայի անբավարարության պատճառ են դարձել, խախտել կայունությունն ու անվտանգությունը: Այս մասին հունվարի 6-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը` ժողովրդին ուղղված ուղերձում:
«Սիրիա ներթափանցած ավազակախմբերը սպանում են ազգային կադրերին, ավերում դպրոցները, էլեկտրական եւ հեռախոսային գծերը, ենթակառուցվածքները, որոնք ստեղծվել են ժողովրդի փողերով: Արդյոք սա կարելի է համարել պայքար իշխանության համա՞ր: Միանշանակ ոչ: Սա ուղղակի ագրեսիա է Սիրիայի ժողովրդի դեմ: Մեր թշնամիները Սիրիայի իրադարձությունները հեղափոխություն են համարում: Սակայն երբ սիրիական ժողովուրդն ընդդիմացավ օտարի կամքին, նրանք լայնամասշտաբ տեղեկատվական արշավի միջոցով որոշեցին վախեցնել սիրիացիներին` նրանց դեմ իրականացնելով իրենց արյունալի հանցագործությունները»,-Ասադի խոսքերն է փոխանցում սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Ասադն ընդգծել է, որ սիրիական ճգնաժամը պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային գործոններով, քանի որ գոյություն ունեն երկրներ, որոնք ձգտում են մասնատել Սիրիան եւ թուլացնել նրա դերը տարածաշրջանում:





























