Ըստ Իսրայելի լրատվամիջոցների՝ հունվարի 10-ին Թել Ավիվի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը տեղական քրեական հեղինակության դեմ մահափորձ էր: Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը պայթյունն ահաբեկչություն չի համարում:
«Հաարեցը» հայտնում է, որ մահափորձ է կատարվել Նասիմ Ալպերոնի դեմ: Ըստ նախնական վարկածի՝ նրա մեքենային մոտոցիկլավար է մոտեցել եւ ռումբ գցել: Մեքենան պայթել է, իսկ բեկորներից վնասվել է կողքով ընթացող ավտոբուսը:
Պայթյունի հետեւանքով մի քանի մարդ տուժել է: Մահափորձի ենթադրյալ զոհը՝ Ալպերոնը, ողջ է մնացել: Ըստ Mignews-ի՝ մահափորձի կասկածյալն արդեն ձերբակալվել է:
Gazeta.ru-ն նշում է, որ եթե տեղեկությունը հավաստի է, ապա դա վերջին տասը տարիների ընթացքում Ալպերոնի դեմ արդեն իններորդ մահափորձն է: Ալպերոնի եղբայր Յակովը նույնպես զոհվել էր քաղաքի այդ մասում՝ 2008թ., երբ նրա մեքենայի տակ ռումբ էր պայթել:




























