Հունգարիայի օմբուդսմենը հաշվետվություն է ներկայացրել Ռամիլ Սաֆարովի գործով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հունգարիայի հայ ազգային ինքնավարություն կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը:
Նրա խոսքով` հաշվետվությունը բավականին քննադատական է: Ներկայումս փաստաթուղթը թարգմանվում է անգլերեն, եւ մոտավորապես հունվարի կեսերին կտարածվի: Նիկողոս Հակոբյանը հաղորդեց, որ դեկտեմբերի վերջին տեղի է ունեցել Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը օմբուդսմենի հետ. ընդ որում, հանդիպմանը Սֆարովի գործը դիտարկվել է Երեւանի եւ Բուդապեշտի միջեւ հարաբերությունների վատթարացման տեսակետից:
Հայ համայնքի հետագա քայլերի եւ Սաֆարովի արտահանձման հարցով դատարան դիմելու հետ կապված Նիկողոս Հակոբյանն ասաց, որ արդեն տեղի է ունեցել հանդիպում երկու փաստաբանների հետ: «Իրավաբաններն ուսումնասիրում են նյութերը, քննարկում հետագա քայլերը»,-նշեց նա:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ էին արձակել, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավասու մարմիններին, այս դեպքում` արդարադատության նախարարությանը հրահանգել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները դատական միջազգային ատյաններ դիմելու համար:
Տեղի ունեցածի հետ կապված Հայաստան է այցելել հունգար մտավորականության ներկայացուցիչներից կազմված խումբը, որպեսզի անձամբ հայտարարեն, որ ամաչում են Հունգարիայի իշխանությունների արարքի համար:





























