Ճշտվել է Վրաստանի Կազբեգ շրջանում ձնահոսքի տակ մնացած ռուս չորս լեռնագնացների ինքնությունը: Նրանք են՝ 44-ամյա Սերգեյ Ստեփանովը, նրա որդիներ 17-ամյա Ստեփանը եւ 19-ամյա Մաքսիմը, նաեւ՝ Ստեփանովների ընտանիքի ընկեր, 42-ամյա Սերգեյ Մովչանը: Նրանք բոլորը Ռոստովի մարզից են: Երեքը, ենթադրվում է, զոհվել են: Ողջ է մնացել միայն 19-ամյա պատանին:

«Ինտերֆաքսը» հստակեցնում է, որ Մկինվարցվերիի գագաթից ռուսների իջնելու ժամանակ պատահած ձնահոսքից ենթադրաբար զոհվել են Սերգեյ եւ Ստեփան Ստեփանովները, Սերգեյ Մովչանը: Խմբի չորրորդ անդամ 19-ամյա Մաքսիմ Ստեփանովին ողբերգության վայրում հայտնաբերել են ուկրաինացի  լեռնագնացները, որոնք տեղի բնակիչների օգնությամբ պատանուն տեղափոխել են հիվանդանոց: 

Կազբեգ շրջանում երեք ռուսների որոնմամբ զբաղվում են փրկարարների խմբերը, հատկացվել է ուղղաթիռ: Վատ եղանակի եւ մառախուղի պատճառով փրկարարներին դեռեւս չի հաջողվել մոտենալ ձնահոսքի վայրին: