Սիրիայի արտաքին գործերի եւ ներգաղթյալների հարցերով նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին նամակ է ուղարկել, որում հաղորդվում է, որ Հալեպ քաղաքում 1000-ից ավելի գործարաններ են թալանվել, որոնց սարքավորումները թուրքական կառավարության գիտությամբ տեղափոխվել են Թուրքիա:
Նման գործողությունները սիրիական գերատեսչությունը բնորոշել է որպես թալան, ավազակություն եւ ագրեսիա՝ ուղղված սիրիացիների, նրանց տնտեսության եւ եկամտի աղբյուրների դեմ, մատնանշելով, որ նման գործողությունները եւս մեկ անգամ ապացուցում են սիրիական ճգնաժամում Թուրքիայի կործանիչ դերը եւ բացահայտում Սիրիայի ժողովրդի հանդեպ նրա իրական մտադրությունները:
Սիրիայի ԱԳՆ-ն նման պրակտիկան անվանել է անբարոյական, քանի որ այն «բարիդրացիական հարաբերությունների եւ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների կոպիտ խախտում է»: «Այդ պրակտիկան ուղղակի ներդրում է հանցավորության եւ ավազակության արտահանմանը, որը պահանջում է միջազգային արձագանք եւ ցուցադրում սիրիական ժողովրդին պատճառված տնտեսական ու առեւտրային վնասի չափը», - մեջբերում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը:
Նախարարությունը Անվտանգության խորհրդից համապատասխան արձագանք է պահանջել, քանի որ նրա պարտականություններից են ահաբեկչության դեմ պայքարը եւ աշխարհում խաղաղության ու անվտանգության պահպանումը: «Նման արձագանքը պայմանավորված է թալանին եւ Թուրքիայի կողմից դրա իրականացման նախադրյալների ստեղծմանը դիմակայելու անհրաժեշտությամբ, ինչի հետեւանքով տուժում է Սիրիայի տնտեսությունը, թալանվում են նրա պաշարները», - ասվում է նամակում:
Սիրիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ին կոչ է արել թուրքական կառավարության դեմ ձեռնարկել բոլոր օրինական միջոցները, որպեսզի ստիպեն թալանը վերադարձնել տերերին եւ փոխհատուցում վճարել տուժածներին՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան հանցավորության եւ ավազակության արտահանողն է

Հասանելի է
русский



























