Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի չարորակ ուռուցքը «սոֆթբոլի գնդակի չափ» է եղել (մոտավորապես 10 սմ տրամագծով), Կարակասում հայտնել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, որի խոսքերը մեջբերում են լատինամերիկյան լրատվամիջոցները: «…նրա ուռուցքը սոֆթբոլի գնդակի չափ է եղել, եւ չնայած դրան, նա կարողացել է ոտքի կանգնել, այնուհետեւ՝ երկարատեւ բուժում անցնել», - պատմել է քաղաքական գործիչը:
Նա հիշեցրել է, որ իր ախտորոշմանն իրազեկ Չավեսը 2011թ. դեկտեմբերի սկզբին Կարակասում անցկացրել էր Լատինական Ամերիկայի գագաթաժողովը, որտեղ մասնակիցները պայմանավորվել էին լատինամերիկյան եւ կարիբյան պետությունների համագործակցության ստեղծման մասին (CELAC): Հանդիպման թեման Չավեսն անձամբ անվանել էր քաղցկեղի դեմ պայքարը, այդ հիվանդությանն արդեն բախվել եւ հաջող բուժվել էին Բրազիլիայի եւ Պարագվայի նախագահները: Գագաթաժողովի ժամանակ եւ դրանից հետո նախագահը բազմաթիվ նվերներ եւ ավանդական բժշկության միջոցներ էր ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:





























