Երեկ Պակիստանի վերջին տարիների պատմության ամենաարյունալի օրն էր. ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է հարյուրը:

Նրանց մեծամասնությունը զոհվել է Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվեթայի հարավարեւմտյան  հատվածում գտնվող բիլիարդի ակումբի երկու պայթյունների հետեւանքով:  Երկրորդ պայթյունը որոտացել էր առաջինից հինգ րոպե անց: Զոհվածների շարքում են առաջին պայթյունից հետո դեպքի վայր ժամանած ոստիկաններ, փրկարարներ եւ լրագրողներ, հայտնում է  Associated Press-ը:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»  ճշտված տվյալների`  զոհերի թիվը 92 է: Տուժել է 120 մարդ, զոհվածների թվում են ինը ոստիկան:
Հաստատությունը գտնվել է քաղաքի շիական հատվածում,  զոհերի ու տուժածների մեծամասնությունը շիաներ են:

Հինգշաբթի Պակիստանում եւս երկու ահաբեկչություն են տեղի ունեցել: Պայթյուններից մեկը որոտացել էր Քվեթայի առեւտրական թաղամասում` սպանելով 12 եւ վիրավորելով 40 մարդու: Քաղաքի հյուսիս-արեւմուտքում` Մինգորայում, ահաբեկիչները հարձակվել էին սունիների մզկիթի վրա. զոհվել էր 22 եւ վիրավորվել 70 մարդ, հայտնում է  gazeta.ru-ն:

Rbc-ն հայտնում է, որ  բիլիարդի ակումբում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Լաշքար է Ջանգվի» խմբավորումը: Քվեթայի առեւտրական թաղամասի ահաբեկչությունն իրականացրել էր Բալուջայի միավորված բանակը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Պակիստանի վերջին ահաբեկչությունները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Գլխավոր քարտուղարը ցավակցել է նաեւ ողբերգության զոհերի ընտանիքներին, Պակիստանի կառավարությանը եւ ժողովրդին: