Օտարերկյա զորք է մտնում Մալի. ականատեսների վկայությամբ՝ զենքով եւ անձնակազմով օդանավերն իրենք նկատել են Կոննա քաղաքի մոտ, որը նախօրեին գրավել էին իսլամիստական ջոկատները, հաղորդում է France 24 հեռուստաալիքը:
Օտարերկրյա զորքերի ժամանման մասին տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նաեւ Մալիի բանակի բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է РБК-ն: Նա հայտնել է, որ С-160 օդանավերից մեկը ժամանել է Եվրոպայից, սակայն չի հստակեցրել, թե որ երկրից: Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով AirForce Technology կայքը, օդանավի այս տեղակը կա Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերում:
Հունվարի 10-ին Մալիի նախագահ Դիոնկունդա Տրաորեն դիմել է Ֆրանսիային եւ ՄԱԿ-ին՝ խնդրելով օգնել իսլամիստ ապստամբների դեմ պայքարում, հաղորդում է «Ռոսբալտը»: Աֆրիկյան այդ երկրի իշխանությունները խոստովանել են, որ չեն կարողանում ինքնուրույն պայքարել իսլամիստների եւ տուարեգների միավորված ջոկատների դեմ, որոնք նախորդ տարի զբաղեցրել են Մալիի ողջ հյուսիսը, իսկ հիմա գտնվում են մայրաքաղաք Բամակոյից 600 կմ հեռավորության վրա:
Ֆրանսիայի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անտահերթ նիստ է հրավիրվել: Փակ քննարկումներից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել շտապ միջազգային աֆրիկյան զորք մտցնել Մալի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
2012-ի դեկտեմբերի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թույլ է տվել Աֆրիկյան երկրների առաքելության (AFISMA) 3,3 հազար զինվորականներ ուղարկել Մալի, առնվազն մեկ տարով:





























