Չեխիայում առաջին անգամ համաժողովրդական նախագահական ուղիղ ընտրություններ են ընթանում: Քվեարկության առաջին փուլը կանցկացվի 2013թ. հունվարի 11-ին եւ 12-ին:

Նախկինում պետության ղեկավարն ընտրվում էր խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում: Այդպես էին ընտրվել երկրի նախագահներ Վացլավ Հավելը (1993-2003) եւ գործող նախագահ Վացլավ Կլաուսը (2003թ.-ից), գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Գրանցվել են ինը թեկնածուներ, այդ թվում՝ կանայք: Նախագահական մրցապայքարի առաջատար են համարվում նախկին երկու վարչապետները՝ Յան Ֆիշերը եւ Միլոշ Զեմանը, հայտնում է «Եվրոնյուզը»:

Մի շարք հարցումների տվյալով՝ երկու հիմնական թեկնածուներին հաջորդում է «Ֆանտոմասը» կամ «Ավատարը»: Չեխերն այդպես են անվանում հայտնի նկարիչ, երգահան եւ հրապարակախոս Վլադիմիր Ֆրանցին, որի մարմնի 90%-ը դաջվածքներով է պատված: Սոցհարցումները ցույց են տվել, որ այս թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել երկրի յուրաքանչյուր իններորդ բնակիչը: Ֆրանցի հույսը երիտասարդ սերունդն է, նա խոստացել է օրինականացնել մարիխուանան: Գործող նախագահ Վացլավ Կլաուսը հայտարարել է, որ լրջորեն զգուշանում է Ֆրանցից եւ նրա երկրպագուներից, գրում է NEWSru.com-ը:

Վլադիմիր Ֆրանցն իր դաջվածքները «բոդի արթ» է համարում, նրա դեմքին խառը կանաչ-կարմիր նախշեր են՝ արված երկնագույն ֆոնին, ձեռքին պատկերված է չեխ երգահան Բոգուսլավ Մարտինուն, կրծքին՝ Քրիստոսի խաչելությունը: