Հայաստանի բարձրալեռնային Ալագյազ ուսումնական զորավարժական համալիրում ավարտվել են Գյումրիում ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների դաշտային զորավարժությունները, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Տանկիստները, վարժությունների արդյունքում, գործնականորեն յուրացրել են նոր մարտավարության ձեւեր՝ տանկային դարանակալումներ, թշնամու թեւերում եւ թիկունքում մանեւրերի իրականացում, ինչպես նաեւ հարձակողական գործողություններ։
Т-72 տեսակի տանկերի յուրաքանչյուր անձնակազմ իրականացրել է 80 ուսումնական ժամից ոչ պակաս զորամեքենաներ վարելու պարապմունքներ եւ 80 ժամից ոչ պակաս կրակային պատրաստություններ։ Զորավարժությունների գրեթե կեսն իրականացվել է գիշերը։ Վարժությունների ժամանակ անցկացվել են տանկերից հրետանային զինամթերքներով մոտ 2 հազար մ. հեռավորության վրա հայտնվող եւ շարժական թիրախների խոցման վարժություններ։
Մեխանիկ վարորդները յուրացրել են ականապատ վայրերի, խարխուլ կամուրջների եւ այլ դժվարանցանելի վայրերի սահմանափակ անցումների նորամուծությունները։ Բացի դա, հատուկ պարապմունքների արդյունքում նրա մասնակիցներն իրականացրել են լեռնային սերպանտիններով կտրուկ վերելքների եւ վայրէջքների լեռնային վարումների մի շարք վարժություններ։
Ընդհանուր առմամբ դաշտային վարժությունների արդյունքում օգտագործվել է մի քանի հազար տարատեսակ զինամթերք։





























