Հայտնի է Հայաստանի հեռուստա եւ ռադիոընկերությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Այսպես, ամենաբարձր գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը` վճարովի եթերաժամի մեկ րոպեի համար պահանջելով 120 հազար դրամ, ապա` «Արմենիան»` 110 հազար դրամ, Հանրային հեռուստաընկերությունը` 80 հազար դրամ, իսկ «Հայկական երկրորդ հեռուստալիքը` 60 հազար դրամ:

Ավելի ցածր գներ են սահմանել մյուս հեռուստաընկերությունները: Կենտրոն հ/ը-ում վճարովի եթերաժամի մեկ րոպեն կարժենա 32 հազար 400 դրամ, «Երկիր Մեդիայում»` 30 հազար դրամ, «Ա-Թի-Վի»-ում` 24 հազար դրամ, «Ար»-ում` 20 հազար դրամ, «ԱրմՆյուզում»` 18 հազար դրամ, «Երեւանում»` 15 հազար դրամ:

Լոռիի «Ֆորտունա» հեռուստաընկերությունում վճարովի եթերաժամի մեկ րոպեն կարժենա 3750 դրամ, Շիրակի մարզի «Ցայգում»` 6000 դրամ, «Գալայում»` 10 հազար դրամ:  Իսկ Հանրային ռադիոընկերությունում վճարովի եթերաժամի մեկ րոպեն կարժենա 3600 դրամ:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն ամսնկացում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:

Նշենք, որ հունվարի 21-ին կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: