Այսօր՝ փետրվարի 4-ին Հայաստանի վերաքննիչ դատարանում պետք է կայանար «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության վերաքննիչ բողոքի քննությունը, որը, սակայն, հետաձգվել է, քանի որ դատական նիստին չէին ներկայացել պատասխանող կողմի՝ «Գինդ» տպարանի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանությունը» պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի՝ 2009թ. հոկտեմբերին կայացրած վճիռը՝ «ՉԻ»-ին 2 մլն 673 հազար դրամ տուգանելու եւ թերթի տպագրությունը կասեցնելու մասին:
Ըստ թերթի ներկայացուցիչների՝ դատավարական եւ նյութական խախտումների պատճառով ապօրինի վճիռ է կայացվել, որը պետք է բեկանել:
Նշենք, որ դատավորների եռյակը՝ Պետրոսյան, Խառատյան, Չիլինգարյան, կարող էր դատական նիստն անցկացնել առանց պատասխանողի, սակայն դատավորները որոշեցին նիստը հետաձգել եւ սպասել «Գինդի» ներկայացուցիչներին:




























