Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ մտադիր չէ փոխզիջման գնալ այն քաղաքական ուժերի հետ, որոնք, իր կարծիքով, փորձում են խաթարել Սահմանադրական տրիբունալի օրինականությունն ու անկախությունը։ Այս մասին նա ասել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հատուկ հեռուստաուղերձում, տրիբունալի շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո։
«Հանգստություն ապահովելու միջոցը չի կարող լինել անօրինականությանն ու բռնությանը տեղի տալը», — ընդգծել է Տուսկը։
Վարչապետի խոսքով՝ նախօրեին Սահմանադրական տրիբունալի շենքի մոտ անթույլատրելի միջադեպեր են տեղի ունեցել։ Նա հայտարարել է, որ տրիբունալի օրինականորեն ընտրված անդամները հարձակման են ենթարկվել, ոստիկանությունը հաստատությունը պաշտպանել է հարձակվողներից։ Տուսկը նաև քննադատել է ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցության և ծայրահեղ աջ «Կոնֆեդերացիայի» ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով հակամարտությունը սրելու մեջ։
«Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող Լեհաստանում իրավունքի աղբյուր լինել և չեն լինելու», — հայտարարել է կառավարության ղեկավարը։
Տուսկը տեղի ունեցողը համեմատել է տարեց կնոջը կողոպտելու հետ․ նրա խոսքով՝ անհեթեթ կլիներ հաշտության համար կողոպտիչին և տուժողին առաջարկել գողոնը հավասար բաժանել։ Վարչապետն ընդգծել է, որ իրավական պետությունում օրենքն է որոշում, թե ով է իրավացի, այլ ոչ թե ֆիզիկական ուժն ու ագրեսիան։
Նա նաև լեհական որոշ քաղաքական ուժերի մեղադրել է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը քանդելու ձգտման մեջ՝ հայտարարելով, որ նրանք օգտվում են ռուսամետ ուժերի և համացանցում ռուսական բոտերի աջակցությունից։
Տուսկը հավաստիացրել է, որ Սահմանադրական տրիբունալը պետք է աշխատի անկախ և Սահմանադրությանը համապատասխան, իսկ կառավարությունը կապահովի նրա անվտանգությունն ու աշխատանքի պայմանները։





























