«Դեդ Հասանի» դեմ 2010 եւ 2012թթ. երկու մահափորձերն էլ նույն քիլերն է կատարել, պատմել է «Ռոսբալտի» իրավապահ մարմինների աղբյուրը: Ըստ նրա՝ որոշ հանցանշաններ եւ փորձաքննության նախնական արդյունքները մատնանշում են, որ Ասլան Ուսոյանին սպանել է նույն դիպուկահարը: Ընդ որում, նա բարձր դասի մասնագետ է, ամենայն հավանականությամբ, հատուկ ստորաբաժանումներից մեկի նախկին մարտիկ:
Հիշեցնենք, Ուսոյանի դեմ առաջին մահափորձը կատարվել էր 2010թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 20:00-ին, Տվերսկայա փողոցում: Ավելի ուշ հաստատվել էր, որ թեեւ քիլերը կրակել էր օպտիկական նշանառություն չունեցող զենքից, այնուամենայնիվ, օգտագործել էր գիշերային տեսանելիության սարք: Արդեն այն ժամանակ օպերատիվ աշխատակիցները նշում էին, որ դիպուկահարն անկասկած հմտորեն տիրապետել է «ՎԱԼ» հատուկ ինքնաձիգին: Հազվագյուտ զենքն այդ պահին նա չէր ունեցել: «Ինքնաձիգի վրա ակնհայտորեն լավ մասնագետ է աշխատել, դրանում փոխարինվել էին շատ տարրեր, իր հատկանիշներով այն ավելի շուտ հատուկ ծառայություններում կիրառվող «ՎԱԼ» ինքնաձիգ է հիշեցնում», - նշել է աղբյուրը: 2013թ. հունվարին «ՎԱԼ»-ն արդեն հայտնվել էր քիլերի զինանոցում:
«Ռոսբալտի» զրուցակիցը նշել է, որ Ասլան Ուսոյանի կլանի ներկայացուցիչներն առայժմ չեն քննարկում, թե ումից են վրեժխնդիր լինելու եւ ինչ քայլերի են դիմելու: Այդ մասին կխոսեն «օրենքով գողի» հուղարկավորության ընթացքում, որը «գողերի» վերջին տարիների խոշորագույն հավաքը կդառնա: «Դեդ Հասանի» մտերիմները նրան Կրասնոդարի երկրամասում՝ եզդիների գերեզմանոցում բոլոր ավանդույթների պահպանմամբ հուղարկավորելու կողմնակից են: Օրինակ, եզդիների համար սգո գույնը ոչ թե սեւն է, այլ կապույտը: Բացի այդ, կլանի անդամները Կուբանը հանդիպման առավել ապահով վայր են համարում:
Ինչ վերաբերում է Ուսոյանի հակառակորդ «օրենքով գողերին», նրանք հապճեպ լքում են Մոսկվան: Հունվարի 17-ի առավոտվանից «օրենքով գողերի» մի ամբողջ խումբ լքել է Մոսկվան, նրանցից են՝ Ջեմո Միքելաձեն, Մերաբ Ջանգվելաձեն եւ Ռովշան Ջանիեւը՝ Ասլան Ուսոյանի կլանի հետ հակամարտող գանգստերների միավորված կլանի առաջնորդները: Նրանք Ռուսաստանից Բելառուսով մեկնում են արտերկիր:




























