Թուրքիան Հայաստանի հետ հարցերը չլուծած՝ անցել է մարդկության ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը։

Թուրքիայի արտգործնախարարը ընդարձակ ելույթ է ունեցել դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների 7-րդ համաժողովին։

Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է տարածաշրջանային գլոբալ զարգացումներին՝ առաջարկելով Եվրասիայում ստեղծել Եվրամիության նման կառույց՝ նշելով.

«Եվրասիայի տարածաշրջանը աշխարհի տնտեսության շարժիչ ուժն է դառնալու։ Այս աշխարհագրական տարածքը իր պոտենցիալով դուրս կգա հակամարտություններից։ Այսօր այդ քաղաքական կամքը կա։ Տեսեք վերջին շրջանում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Տարածաշրջանում բացվում են նոր հնարավորությունները համագործակցության համար։

Մենք ցանկանում ենք, որ Եվրասիայում համագործակցությունը լինի ամենաբարձր աստիճանի վրա։ Մենք ցանկանում ենք, հասարակ երկկողմ հարաբերությունները դառնան ավելի ընդգրկուն եւ ավելի լայն հնարավորություններով։ Նման քաղաքական երկխոսությունների մշակման համար՝ առաջիկայում Թուրքիան լուրջ ջանքեր կներդնի։

Պետք է Սեւծովյան տնտեսական համագործակցության մեխանիզմներին ավելի մեծ կարեւորություն տալ։ Մենք ցանկանում ենք, որ այն զարգանա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական համագործակցությամբ։

»Սահմանները փակենք եւ մեր մեջ տնտեսությունը զարգացնենք" միտքը մնացել է 60-70-ականներում։ Ոչ մի երկիր ներկայումս շանսեր չունի մեկուսացված լինելու։

Մենք նպատակադրված ենք «զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարը իրականցնել նաեւ Եվրասիայում։ Բոլորի հետ բարձրացնելու ենք մեր երկխոսության մակարդակը։

Եթե եվրոպական երկրները իրար հետ չհամագործակցեին, մի՞ թե հիմա այդքան զարգացած կլինեին։

Այսօր միջազգային կառույց ստեղծելու համար միգուցե ամենահարմար աշխարհագրական տարածքը Եվրասիան է։ Որպեսզի աշխարհի աչքին Եվրասիան նման կերպ երեւա՝ Թուրքիան իր ջանքերը կշարունակի։ Թուրքիան այդ տեսլականը իրագործելու համար ձեռքից եկածը կանի եւ ոչ մի արած քայլից ետ չի կանգնի։ Այս աշխարհագրական տարածքի ճակատագիրը մենք որպես մարդկության ճակատագիր են ընդունում",- նշել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։