Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական ուժը, ինչը հետեւանքներ է ունենում նրա արտաքին քաղաքականության վրա։ «2012-միլիտարիզացման համաշխարհային ինդեքսի» (GMI) համաձայն՝ Ադրբեջանը աշխարհում ամենառազմականացված երկրներից մեկն է։ Այս մասին գրում է ռուսական «Военное обозрение» ամսագիրը՝ «Ո՞ւմ հետ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը» հոդվածում։ NEWS.am-ը ընթերցողին է ներկայացնում հոդվածը կրճատումով։
Նախկին խորհրդային հանրապետությունը օգտագործում է իր նավթի հսկայական ռեսուրսները, որը դարձրել են Ադրբեջանի տնտեսությունը աշխարհում ամենաարագ զարգացողներից մեկը, զենքի ձեռբերման եւ ռազմական արդյունաբերության զարգացման համար։
Ռազմական նպատակների վրա ծախսվող գումարների դինամիկան բավականին տպավորիչ է։ 2004թ. Այն 174 մլն դոլար էր, իսկ 2012-ին 3,2 մլրդ դոլար։ Զենք մատակարարող երկրների ցանկը բազմազան է։ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Թուրքիա, Իսրայել եւ այլ երկրներ։ Միայն 2011թ. Ադրբեջանը Իսրայելից գնել է 1.6 մլրդ դոլար արժողությամբ զինատեսակներ, այդ թվում Gabriel տիպի թեւավոր հրթիռներ (քանակը չի բացահայտվում), 5 Heron տեսակի անօդաչու թռչող սարքեր, 5 Searcher համակարգ, հակաօդային պաշտպանության 1 համալիր Barak տեսակի, եւ դրա հետ մեկտեղ 75 հրթիռ, բացի այս 1 հատ EL/M-2080 Green Pine ռադար։ Ավելի վաղ Ադրբեջանը Իսրայելից ձեռք էր բերել Orbiter եւ Aerostar ԱԹՍ-ներ, 5,56 մմ ինքնաձիգեր եւ այլն։ Իսկ Ադրբեջանի ռազմածովային ուժերը թարմացվել են ԱՄՆ եւ Թուրքիայի օգնությամբ։ Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը շուտով կստանա սուզանավեր, որոնք հարմացված են Կասպից ծովի պայմաններում շահագործման համար։
Ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ադրբեջանը։
Հասկանալի է, որ առաջին հերթին թիրախը Լեռնային Ղարաբաղն է։ Որքան Ադրբեջանը հզորանում է ռազմականապես, այնքան ռազմատենչ են դառնում Բաքվի քաղաքական ու հասարական գործիչների հայտարարությունները։ Սա շատ վտանգավոր պահ է։ Ղարաբաղյան հարցին ռազմական լուծում տալու գայթակղություն է ստեղծվել։ Իրավիճակը սրում է նաեւ այն, որ տարածաշրջանում անկայունություն է եւ իրավիճակը վատթարանալու միտում ունի։ Բաքուն կարող է եւ իսկապես կարող է փորձել «պղտոր ջրում ձուկ որսալ»։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը եւս, որ տարածաշրջանում Ադրբեջանն ունի երկու ուժեղ դաշնակից։ Թուրքիան կարող է Ադրբեջանին օգնել ոչ միայն բարոյապես ու քաղաքականապես։
Իսրայելն իր հերթին ակտիվ աջակցում է Ադրբեջանի զինված ուժերի եւ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը՝ ընդդեմ Իրանի։ Բացի այս ամենից Բաքուն հզոր «տանիք» ունի, ի դեմս ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի, որի հետ ակտիվորեն համագործակցում է։
Սակայն Ադրբեջանը պատերազմի է նախապատրաստվում ոչ միայն Հայաստանի դեմ։ Երկարաժամկետ հեռանկարում հավանական է պատերազմը նաեւ Իրանի եւ Ռուսաստանի դեմ։ Դեպի հարավ պատերազմի նախապատրաստվելու եւ այդ տարածքը գրավելու տեղեկատվական նախապատրաստվածությունը արդեն բավականին շատ է, նույնը նաեւ Ռուսաստանի հասցեին արվող հայտարարությունների եւ գործողությունների մասին կարելի է ասել։ Չի կարելի բացառել Ռուսաստանի դեմ պատերազմը։ Ոչ ոք հավանական չէր համարում նաեւ Ռուսաստանի դեմ Վրաստանի պատերազմը, բայց զինված հակամարտությունը տեղի ունեցավ 2008-ի ամռանը։ Ռուսաստանը կարող է նաեւ առանց իր կամքի հայ-ադրբեջանական պատերազմի մեջ ներքաշվել, քանի որ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը մի կողմ քաշված չի մնա, իսկ Հայաստանում գտնվում է Ռուսաստանի 102 ռազմական բազան, որը այնտեղ կմնա մինչեւ 2044 թ.։ Սակայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի բախման դեպքում հակամարտությանը կարող է միջամտել Թուրքիան։
Անզեն աչքով տեսանելի է Իրանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հավանականությունը։ Իրանը հնարավոր է հարձակման ենթարկվի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ Ադրբեջանը հզորացնում է ոչ միայն ցամաքային զորքերը, այլեւ ռազմածովայինը, այսինքն՝ ռազմական թատերաբեմ է դիտարկվում նաեւ Կասպից ծովը, եւ որը երկրորդական չէ, փաստորեն։ Իսկ ծովում Ադրբեջանի պոտենցիալ հակառակորդները Ռուսաստանն ու Իրանն են։ Ռուսաստանի դեմ Բաքվի տրամադրվածության ցուցադրական օրինակ է նաեւ Գաբալայի հակահրթիռային կայանի վերացումը։ Ադրբեջանը վերջնականապես կողմնորոշվել է դեպի ԱՄՆ-ՆԱՏՕ-Թուրքիա ուղղությամբ, իսկ ՌԴ ռազմակայանի ներկայությունն այդ դեպքում Արեւմուտքի համար ցանկալի չէ։
Իրանի մասնատման հնարավորությունը Ադրբեջանի համար նույնիսկ ավելի ձեռնտու է, քան Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելը։ Իրանն այժմ ամեն կերպ օգնում է Հայաստանին հաղթահարել էներգետիկ եւ տրանսպորտային դժվարությունները։ Իրանի ներկայիս վիճակի «մահից» հետո, Լեռնային Ղարաբաղի հարցը կարելի է լուծել շատ ավելի հեշտ։
Ցավոք այժմ Ռուսաստանը չունի Բաքվի քաղաքականությանը ազդելու իրական լծակներ։ Սակայն, իհարկե, Ռուսաստանի դեմ ագրեսիայի դեպքում կարելի է վտարել ամբողջ ադրբեջանական համայնքը իրենց հայրենիք։
Այս ամենից հստակ է մի բան. Իրանի դեմ հարձակումից հետո հակամարտության գոտի կդառնա ողջ Կովկասն ու Միջին Ասիան։





























