Հունվարի 19-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին (Սելիմի լեռնանցք) ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության եւ «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի հերթապահները:
Դեպքի վայր են մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ -փրկարարները («Ուրալ» ամենագնաց) ավտոմեքենայով եւ «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի տեխնիկաները:
Հրշեջ-փրկարարները «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ձյան արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա` 60 ուղեւորներով, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Հունվարի 20-ին, ժամը 12.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարները դուրս բերված ուղեւորներին ապահովել են ջեռուցմամբ, սննդով եւ տաք թեյով:
Աշխատանքները շարունակվում են:




























