Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի եւ տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացումը կարեւորել է մի քանի տեսակետից: «Մենք երբեւէ այսպիսի հաշվառում չենք իրականացրել եւ խիստ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին 5 տարիների ընթացքում էապես ավելացել է, ինչը պայմանավորված է մեր երկրում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով եւ իրականացվող ծրագրերով:
Այս բնագավառի համար կառավարությունը մշակել է նոր՝ գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ համալիր ծրագիր: Մենք այլեւս չենք կարող գյուղատնտեսությունը դիտարկել գյուղի զարգացումից առանձին, քանի որ այն մարդիկ, որոնք չեն զբաղվելու գյուղատնտեսությամբ, պետք է գյուղում ունենան այլ աշխատատեղեր: Այդ ուղղությամբ իրականացվում են խոշոր ներդրումային ծրագրեր:
Մենք շահագրգռված ենք գյուղատնտեսության ոլորտում հաշվառմամբ եւ այն լինելու է կառավարության 2013-2016 թվականների կարեւորագույն ծրագրերից մեկը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին իր ղեկավարած կառույցի օժանդակությունն է հայտնել գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին: Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի կարեւորությունը՝ Համաշխարհային բանկը 200 հազար դոլարի դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար:
Ծրագրի աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ Եվրամիության Թվինինգ ծրագրի եւ ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչները:
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն իր հերթին նշել է, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը թույլ կտա ձեւավորել ամբողջական համակարգ՝ հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է՝ տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի եւ դրանց օգտագործման վերաբերյալ: Նշվել է, որ ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անգամ անցկացնել գյուղատնեսայկան համատարած հաշվառում, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբեւէ չի իրականացվել:





























