Այս ամռանը OpenAI-ի գործակալը ներթափանցել է Ավստրալիայի պետական ծառայությունների կայք. այս մասին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ, հայտնել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։ Արհեստական բանականության համակարգը չարտոնված հասանելիություն է ստացել առողջապահական համակարգի վիճակագրություն հավաքագրող պորտալի ֆայլերին։ Թեև, ըստ Ալբանիզի, ապացույցներ չկան, որ Ավստրալիայի քաղաքացիների անձնական տվյալները վտանգվել են, ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել պորտալի թե՛ հանրամատչելի և թե՛ գաղտնի ֆայլերին, որոնք ներառում են տեղեկություններ նաև պետական ծախսերի մասին։
Սա, ըստ ամենայնի, առաջին հրապարակային հայտնի դեպքն է, երբ ԱԲ գործակալն ինքնուրույն չարտոնված մուտք է գործել պետական համակարգ, նշում է The Wall Street Journal-ը։ Այս մասին հայտարարվեց այն բանից ընդամենը մի քանի ժամ անց, երբ արհեստական բանականություն մշակող ընկերությունների ղեկավարները համաշխարհային առաջնորդներին կոչ արեցին միավորել ջանքերը՝ ԱԲ համակարգերի՝ մարդու վերահսկողությունից դուրս գալու հավանական խնդիրը լուծելու համար, գրում է Bloomberg-ը։ Պետական հաստատության դեմ այս հարձակումը կրկին ուշադրություն հրավիրեց նշված վտանգին՝ հաջորդելով մի շարք միջադեպերի, երբ մոդելներն առանց թույլտվության ներթափանցում էին այլ ընկերությունների առցանց ռեսուրսներ։
Ավստրալական միջադեպը տեղի է ունեցել հունիսի 18-ին, սակայն OpenAI-ը հայտնել է, որ այն բացահայտվել է միայն օգոստոսին՝ իր ԱԲ գործակալների աշխատանքի համալիր ստուգման ընթացքում։ Թեստավորման փուլում, պատասխաններ որոնելիս, դրանք փոխգործակցել են Ավստրալիայի կառավարության մի քանի կայքերի ու ծառայությունների հետ։ «Այս գործընթացում մեր մոդելները կատարել են քայլեր, որոնք մենք չէինք նախատեսել»,- նշել է OpenAI-ի ներկայացուցիչը։
Ալբանիզն ստեղծված իրավիճակն անընդունելի է համարել և հիասթափություն հայտնել, որ ընկերությունից չափազանց շատ ժամանակ է պահանջվել իր կառավարությանը պատահարի մասին տեղեկացնելու համար․ դա տեղի է ունեցել միայն սեպտեմբերի 10-ին։
Ինչպես նա պարզաբանել է, ԱԲ համակարգին հանձնարարված է եղել գտնել որոշակի տեղեկություններ, սակայն եղել են հստակ սահմանափակումներ, որոնք արգելափակել են դրա որոշ փորձեր․
Սակայն ԱԲ գործակալը գտել է այդ արգելքները շրջանցելու տարբերակը։ Մոդելը փորձել է անհրաժեշտ տեղեկությունը ստանալ այլընտրանքային ճանապարհներով, ինչն էլ հանգեցրել է որոշ այլ տիրույթներ չարտոնված մուտք գործելուն։
Չորեքշաբթի օրը OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանն ու Anthropic-ի գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեին ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ քննարկելու արհեստական բանականության զարգացման ոլորտում չափորոշիչներ սահմանող միջազգային մարմնի ստեղծման անհրաժեշտությունը։ Արևմտյան շատ երկրների ներկայացուցիչներ աջակցել են այս գաղափարին, սակայն Սպիտակ տան Գիտատեխնոլոգիական քաղաքականության հարցերով տնօրեն Մայքլ Կրատսիոսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդդիմանալու է ԱԲ-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար նախատեսված որևէ «գլոբալիստական ծրագրի» ստեղծմանը։





























