Ղազախստանում Ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման և ուժգին քամու հետևանքով ինը զինծառայող է զոհվել Կասպից ծովում։ Այս մասին հայտնում են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում Զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում Կասպից ծովի ափամերձ հատվածում մարտական ուսումնական առաջադրանք կատարելիս եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և ուժգին քամու պատճառով զինծառայողներն ընկել են ծովը։ Նախնական տվյալներով՝ ջրահեղձման վտանգի մեջ է հայտնվել 19 զինծառայող։ Այս պահի դրությամբ հաստատվել է նրանցից իննի մահը», — ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երեք զինծառայողի հաջողվել է փրկել, որոնցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ծառայությունների ուժերն ու տեխնիկան։ Օպերացիային մասնակցում են Ռազմածովային ուժերի, ԱԻՆ ստորաբաժանումները, ավիացիան և այլ պատկան մարմիններ։
«Պատահարի բոլոր հանգամանքները պարզելու և որոնողափրկարարական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր է մեկնել Պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ», — հայտնում է նախարարությունը։
Ղազախստանի Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ զորավարժությունների ժամանակ զինծառայողների զոհվելու փաստով քրեական գործ է հարուցվել։
«Կասպյան պաշտպանություն-2026» զորավարժություններն անցկացվում էին սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափին։




























