«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը չի պատրաստվում մեկնաբանել իրենց կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի եւ կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանի հայտարարությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Պետրոս Մակեյանը նշեց, որ նրանք պատվեր են կատարում, իսկ թե ում պատվերն են կատարում, չցանկացավ ասել` խորհուրդ տալով հենց նրանցից ճշտել, եւ հավելելով, որ դա ցույց կտա ժամանակը: «Մենք 15 տարի իրար հետ էս դժոխքով անցել ենք, մարդիկ, կարող է, թյուրիմացության մեջ են, հիմա ի՞նչ ասեմ»,- ասաց նա: Կուսակցության ղեկավարն ասաց, որ անձնական որեւէ հակասաություն նրանց հետ չի ունեցել: Ինչ վերաբերում է գործնական տարաձայնություններին, ապա նա նշեց, որ իրենց մոտ բազմակարծություն է, տարաձայնություններ միշտ էլ կարող են լինել:

Իսկ թե ուրիշ ովքեր են Պետրոս Գեւորգյանի եւ Ղուկաս Մեհրաբյանի կողմնակիցները` Մակեյանը չգիտեր: Նա միայն նշեց, որ իրենց կուսակցությունը բազմամարդ կուսակցություն է, քաղխորհուրդը կազմված է 15 հոգուց: «Անլուրջ մեղադրանքներ են, ես լուրջ չեմ կարող պատասխանել»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Նա նաեւ նշեց, որ կուսակցության ղեկավարը իրենց մոտ ընտրվում է կանոնադրությամբ, քաղխորհուրդը եւ համագումարը պետք է որոշեն  կուսակցության ղեկավարի հարցը: «Կուսակցության աշխատանքները իրենց ռիթմով շարունակվում են, առանձին մարդկանց քմահաճույքով չի շարժվում»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ առաջիկայում քաղխորհուրդը նիստ կանի եւ իր դիրքորոշումը կասի, կամ էլ կուսակցության լրատվական ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ ԺՀԿ հիմնադիր անդամներ, կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը եւ կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գեւորգյանը: հայտարարություն են տարածել եւ նշել, թե արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է «Ժողովրդավարական հայրնեիք» կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։

«Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն «քննադատություններով», «մեկնաբանություններով» ու «հայտարարություններով»։ Պետրոս Մակեյանը խուսափել եւ խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը եւ հունվարի 19-ի նիստը, որտեղ պետք է բացատրություններ տար իր գործողությունների համար։ Դրանց փոխարեն իր նախաձեռնությամբ հրավիրել է քաղխորհրդի արտահերթ նիստ քաղխորհրդի անդամների մի մասի համար անհարմար կիրակի օրը՝ հունվարի 13-ին։ Այստեղ նա ինչ-որ բամբասանքներ որպես ինֆորմացիա հրապարակելով՝ թյուրիմացության մեջ է գցել ներկաներին, իսկ  իր գործողությունների հետ կապված որեւէ հարց այդպես էլ  քննարկման չի դրել ու որեւէ բացատրություն չի տվել։

Այս պայմաններում մենք ստիպված ենք անել հետեւյալ հայտարարությունը.  Պետրոս Մակեյանը (որի գործունեության հետեւանքով է նաեւ, որ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը հայտնվել է փողոցում) այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը եւ տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից»,- հայտնել են նրանք։