Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն, որն երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում, եւ իր պաշտոնը պահել է նոր կառավարության օրոք, իր սեփական դիմումի հիման վրա հրաժարական է տվել:
Վաշակիձեն թողել է պաշտոնը երկրի արտաքին քաղաքականության կուրսի անհամատեղելիության պատճառով, հաղորդում է «GHN»-ն: Համաձայն հարցազրույցի ժամանակ Վաշակիձեի կողմից գործակալությանն արված հայտարարության, նրա հրաժարականը նաեւ կապված է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստանում արած հայտարարության հետ: Նա ընգծել է, որ իր համար դա սկզբունքային հարց է:
«Պաշտոնից հրաժարվելը կապված է Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքականության կուրսի եւ ոճի անհամատեղելիության հետ: Հիմա ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, ես ստիպված եմ եղել աշխատել շատ լարված կարգավիճակում վերջին ժամանակներս, իսկ հետո կորոշեմ, թե որտեղ շարունակեմ աշխատել»,- ասել է նա: Վաշակիձեն փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականից:
Թե Իվանիշվիլիի որ հայտարարության մասին է գնում խոսքը` հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին Երեւանում խոստացել է լուծել Վրաստանում հայերի խնդիրները, հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման օգտին, նաեւ խոստացել է ջանք ներդնել Աբխազիայի միջով երկաթգծի վերականգման մեջ: Հիշեցնենք նաեւ , որ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով` Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Աբխազիայի միջով հաղորդակցության վերականգնումը դա Վրաստանի ռազմավարական կողմնորոշման հարց է:





























