Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի կառավարությունը ոչ մի սոցիալական ծրագիր չի կրճատել: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում ընտրողների հետ հանդիպման շրջանակում հայտարարել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Պատասխանելով թոշակառուի հարցին, թե ինչու կառավարությունը 2008թ. խոստացածի պես չկրկնապատկեց կենսաթոշակի չափը, նախագահը նշել է, որ երկրի համար բարդ իրադարձություններ էին կատարվում:

 «2008-ի մարտի 1-ը երկիրը մի քանի մասի բաժանեց, եւ մեծ կամքի ուժ պահանջվեց հանրությանը կրկին միավորելու համար», – ասել է Սարգսյանը: Դրան հետեւեցին 2008թ. օգոստոսի Հարավային Օսիայի պատերազմը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: «Սպառնալիքի տակ էր մեր ամենամոտ հարեւանի եւ դաշնակցի կայունությունը», – հավելել է Սարգսյանը: Իսկ ճգնաժամը չի շրջանցել եւ ոչ մի երկրի. եթե զարգացած երկրները ստիպված էին կրճատել իրենց սոցիալական ծախսերը, ապա Հայաստանը դա չարեց: «Մենք ոչ մի սոցիալական ծրագիր չկրճատեցինք, այլ նույնիսկ կենսաթոշակն ավելացրինք», – եզրափակել է գործող նախագահը: